Միջազգային հարաբերություններում լարվածությունն աճում է ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների գործողությունների հետեւանքով, ինչը հանգեցնում է մի իրավիճակի, երբ սխալի գինը կարող է գլոբալ լինել: Այս մասին իտալական Panorama ամսագրի հետ հարցազրույցում ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Ակնհայտ է, որ աշխարհում իրավիճակը, ցավոք, առավել լարված ու պակաս կանխատեսելի է դառնում,- ասել է նա: - Մենք բազմիցս նշել ենք, որ նման վիճակն առաջին հերթին ԱՄՆ-ի եւ մի քանի արեւմտյան պետությունների չդադարող միակողմանի գործողությունների հետեւանքն է»:

ՌԴ ԱԳ նախարարը հավելել է, որ արդյունքում իրավիճակներ են ստեղծվում, «երբ բլեֆի կամ սխալի գինը կարող է գլոբալ դառնալ»:

Լավրովը նշել է, որ Ռուսաստանը կցանկանար արեւմտյան երկրների սթափ մտքի առկայության հույս ունենալ: «Սակայն այդ «սթափ միտքը» ենթադրում է հավաքական Արեւմուտքի առաջնորդների պատասխանատու եւ կանխատեսելի գործելու, միջազգային իրավունքին անշեղորեն հետեւելու ունակություն՝ հիմք ընդունելով ՄԱԿ Կանոնադրությունը,- շարունակել է նա: - Մենք վերջին շրջանում ստիպված ենք այս ունակությանն ավելի ու ավելի կասկածել»:

«Հանդես ենք գալիս գլոբալ կայունության երաշխավոր, խոչընդոտում ենք Անվտանգության խորհրդի որոշումների ընդունմանը, որոնք ՄԱԿ Կանոնադրության խախտմամբ մտահղացվել են ոչ ձեռնտու «ռեժիմների» դեմ ուժի միակողմանի կիառման ծրագրերն արդարացնելու համար»,- նշել է ՌԴ ԱԳ նախարարը:

«Մենք բազմիցս ասել ենք, որ դրական ենք գնահատում նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունները մեր երկրների միջեւ նորմալ երկխոսություն հաստատելու ցանկության մասին,- նշել է Լավրովը: - Ավելին՝ ամբողջությամբ կիսում ենք նման տրամադրվածությունը եւ պատրաստ ենք անցնել ճանապարհի մեր հատվածը երկկողմ հարաբերությունները արհեստական փակուղուց դուրս բերելու համար, որի մեջ մտցրել է Բարաք Օբամայի վարչակազմը»:

Սակայն, ինչպես ընդգծել է Լավրովը, «կառուցողական, փոխհարգանքի հիման վրա համագործակցության հարցում գործընկերների իրական շահագրգռվածության մասին կդատենք միայն գործնական քայլերով»:

Ըստ որում՝ նա արձանագրել է, որ «հարաբերություններում առկա վիճակն առայժմ շարունակում է դեգրադացվել»: «Եթե անգամ ԱՄՆ նախագահի կողմից ինչ-որ դրական խթաններ գալիս են, ապա դրանք ամբողջությամբ համահարթեցվում են ամերիկյան իսթեբլիշմենթում վերահսկելի ռուսատյացությամբ, որտեղ մեր երկրին ներկայացնում են սպառնալիք, հանդես են գալիս պատժամիջոցների եւ ճնշման այլ գործիքների միջոցով Ռուսաստանի «համակարգային զսպման» օգտին,- ասել է Լավրովը: - Հասկանալի է, որ այս ամենը ծնվել է Վաշինգթոնում ներքաղաքական պարզաբանումների հետեւանքով եւ իրականության հետ ոչ մի կապ չունի»:

Նա հույս է հայտնել, որ «ժամանակի ընթացքում իշխանության վաշինգթոնյան միջանցքներում կգերակայի սթափ միտքը»: «Մենք կցանկանայինք ԱՄՆ-ի հետ նորմալ, կանխատեսելի, նույնիսկ, եթե ցանկանում եք, բարեկամական հարաբերությունների հաստատում: Բայց ոչ թե Ռուսաստանի սկզբունքների եւ ազգային շահերի սակարկման գնով»,- հավաստիացրել է ռուսական դիվանագիտության ղեկավարը: