Ես կարծում եմ, որ դա կլիներ դավաճանություն: Այս մասին, այսօր՝ մարտի 3-ին, կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել է ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Լեւոն Ալթունյանը:

Նա կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում նշել է, որ անտրամաբանական կլիներ իր՝ ՀՀԿ-ից դուրս գալը, առավել եւս, որ «այսօր Հանրապետականը ապրում է ոչ հեշտ «պերիոդ»:

«Ես կարծում եմ, որ դա կլիներ դավաճանություն: Գիտեք՝ հաշվի առնելով, որ իմ հանրապետական լինելը պայմանավորված է իմ՝ կառավարությունում աշխատելով եւ այն բանով, որ ես հանրապետականին անդամակցեցի, որպեսզի կարողանամ օգտակար լինել եւ կուսակցությանը, եւ ժողովրդին: Ես չեմ կարող այսօր ինչ-որ ռազմավարական քայլեր, կամ կանխատեսումներ մեկնաբանել, առավելեւս, դրանց ընդունման ժամանակ ես չեմ մասնակցել եւ չգիտեմ այդ հարցերի ողջ պալիտրան»,-  ասաց Ալթունյանը:

Հարցին, թե որքանով է հնարավոր, որ ինքը կլինի նաեւ հաջորդ կառավարությունում, Ալթունյանը դա համարեց «սուրճի բաժակի շուրջ կանխատեսում»:

«Այսօր ես այդպիսի կանխատեսումներ չեմ կարող անել, ես գիտեմ, որ այսօր մենք նախարարությունում ունենք մշակված ծրագիր, որն իրականացնելը դժվար բան չէ: Ես կարծում եմ, որ Նիկոլ Փաշինյանը կգա իր թիմով եւ ամեն ինչ նորմալ կլինի»,-ասաց նա: