Շիրակի մարզի դատախազության հայցի հիման վրա՝ Հակակոռուպցիոն դատարանը մասնակի բավարարել է Արթիկ համայնքի և ֆիզիկական անձի դեմ ներկայացված՝ 2003 թվականի սեպտեմբերի 15-ի՝ մսուր-մանկապարտեզի արևելյան մասնաշենքի աճուրդն անվավեր ճանաչելու և անվավերության հետևանքներ կիրառելու պահանջի մասին հայցը։ Այդ մասին NEWS.am–ին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Շիրակի մարզի դատախազությունում պետական (համայնքային) շահերի պաշտպանության լիազորության շրջանակում կատարված ուսումնասիրությամբ պարզվել է, որ 2003 թվականի սեպտեմբերի 15-ին Արթիկի Շինարարների փողոց 7 հասցեում գտնվող՝ 964.20 քմ մակերեսով մսուր-մանկապարտեզի արևելյան մասնաշենքն աճուրդ-վաճառքի միջոցով՝ 3.7 միլիոն դրամով, օտարվել է ֆիզիկական անձի։ Միաժամանակ պարզվել է, որ շինության աճուրդ-վաճառքի կազմակերպման համար հիմք հանդիսացող արխիվային փաստաթղթերը բացակայում են։

Շիրակի մարզի դատախազությունը հայց է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել աճուրդը և կիրառել անվավերության հետևանքներ։ Քանի որ գույքը բնեղենով վերադարձնելն անհնար է (տրոհվել է առանձին մասերի, տրվել են այլ հասցեներ, որոնց վերաբերյալ Հակակոռուպցիոն կոմիտեում քննվում է քրեական վարույթ), Դատախազությունը պահանջել է գնորդից բռնագանձել գույքի օտարման պահին գործող շուկայական արժեքը՝ 16 միլիոն 144 հազար դրամ:

Հակակոռուպցիոն դատարանի՝ 2026 թվականի հոկտեմբերի 8-ի վճռով, հայցը բավարարվել է մասնակի. դատարանն անվավեր է ճանաչել 2003 թվականի սեպտեմբերի 15-ին կազմակերպված աճուրդը, ինչպես նաև դրա հիման վրա 2003 թվականի հոկտեմբերի 6-ին Արթիկի քաղաքապետարանի և ֆիզիկական անձի միջև կնքված անշարժ գույքի առուվաճառքի պայմանագիրը։

Որպես պայմանագրի անվավերության հետևանք՝ ֆիզիկական անձին պարտավորեցվել է Արթիկ համայնքին հատուցել 12 միլիոն 444 հազար դրամ։