Ադրբեջանը Ռուսաստանի համար կարեւոր գործընկեր է: Եվ եթե Մոսկվան սկսի Բաքվի հետ վիճել, ապա դա չի բխի ոչ միայն Ռուսաստանի շահերից, այլեւ հենց Երեւանի, քանի որ կարող է հանգեցնել Կրեմլի դիրքերի եւ Ադրբեջանի վրա ներգործելու ու ճնշում գործադրելու հնարավորության թուլացման: Մայիսի 3-ին Մոսկվայից տեսակապով այսպիսի տեսակետ հայտնեց քաղաքագետ, ԱՄՆ Ռազմավարական եւ միջազգային հետազոտությունների կենտրոնի հրավիրված գիտաշխատող Սերգեյ Մարկեդոնովը:

Նա հիշեցրեց, որ Ռուսաստանը Ադրբեջանի միակ գործընկեր չէ, եւ որ Բաքուն համագործակցում է նաեւ այլ երկրների հետ, այդ թվում՝ նաեւ ռազմական ոլորտում: «Այս իմաստով Ուկրաինան, Իսրայելը եւ Թուրքիան եւս Բաքվի գործընկերներն են եւ նրան սպառազինություն են մատակարարում: Ի դեպ, Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է եւ զբաղվում է ադրբեջանցի զինվորականների վերապատրաստմամբ, մինչդեռ դաշինքում հայտարարում են, որ իրենք ղարաբաղյան հակամարտության հարցում չեզոք դիրքորոշում են գրավում»,- պարզաբանեց Մարկեդոնովը:

Քաղաքագետի կարծիքով, սակայն, Մոսկվան ամեն դեպքում 2016 թվականի ապրիլյան էսկալացիայից հետո որոշակի եզրակացություններ կատարել է:

Փորձագետի խոսքով՝ դրա հետ մեկտեղ, իրադարձությունների զարգացման կերպը շատ շուտով պարզ կլինի: «Ցանկացած դեպքում, Ռուսաստանը նորմալ հարաբերություններ կունենա նաեւ Ադրբեջանի հետ: Չպետք է մոռանալ նաեւ այն մասին, որ եթե ռուս-ադրբեջանական հարաբերությունները վատթարանան, ապա տարածաշրջանում թուրքական գործոնը կուժեղանա»,- ընդգծեց Մարկեդոնովը:

Սերգեյ Մարկեդոնովը շեշտեց, որ Հայաստանը Ռուսաստանի համար մնում է ռազմավարական, իսկ Ադրբեջանը, թեկուզ եւ խնդրահարույց, սակայն կարեւոր գործընկեր: