Հայաստանը շատ լուրջ պետք է հետեւի ռուս-թուրքական հարաբերություններին: Այս մասին հունվարի 18-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը։ Նա նշեց, որ Ռուսաստանը չի կարող պայքարել Թուրքիայի նեոօսմանիստական քաղաքականության դեմ, այլ կարող է միայն դիտորդի դերում լինել:
Այդ երկիրն, ըստ փորձագետի, շահագրգռված է Թուրքիայի հետ տնտեսական հարաբերությունների առումով`մի կողմ թողնելով աշխարհաքաղաքական խնդիրները:
«Սակայն այսօր այդ երկու երկրներն աշխարհաքաղաքական առումով չեն գնում մերձեցման եւ չի կարելի ոչինչ բացառել, հիմա դեռ զինադադար է»,-հայտարարեց Սաֆրաստյանը:
Ըստ նրա՝ ԱՄՆ-ը եւ Եվրամիությունը միտված չեն, որ Թուրքիայի քաղաքականությունը տարածաշրջանում ստանա գերիշխող դեր: «Ես համոզված եմ, որ Թուրքիան երբեք չի դառնա տարածաշրջանում գերիշխող երկիր»,-հայտարարեց բանախոսը՝ հավելելով, թե իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցության քաղաքականությունը կարող է վատ հետեւանքներ ունենալ Թուրքիայի համար, քանի որ այդ ուժը հաշվի չի առնում Թուրքիայի հնարավորությունները:
Հայաստանի գիտությունների ազգային ակադեմիայի արեւելագիտության իստիտուտի տնօրենը նշեց նաեւ, որ Թուրքիան հայտարարել էր հարեւանների հետ զրո խնդիր ունենալու մասին, ինչը նշանակում է, որ բոլոր հարեւանները պետք է ենթարկվեն Թուրքիային:
«Սակայն Հայաստանը երբեք չի ենթարկվի Թուրքիային: Ես հույս ունեմ, որ Հայաստանի այս դիվանագիտական գիծը, որը նոր է, կշարունակվի»,-հայտարարեց Սաֆրաստյանը:





























