Կամբոջայում աղտոտված ջուր օգտագործելուց հետո 8 մարդ է մահացել եւ ավելի քան 100-ը՝ հոսպիտալացվել, հայտնում է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով տեղական ոստիկանության ներկայացուցչին:

Թունավորման դեպքերը գրանցվել են հինգշաբթիից սկսած երկրի արեւելյան Կրատյեխ նահանգի գյուղերից մեկում:

«Կիրակի հաստատվել է Կրատյեխի եւ Պնոմպենի հիվանդանոցներում եւս 2 մարդու մահվան փաստը, մահացածների ընդհանուր թիվը հասել է 8-ի, հոսպիտալացվածների թիվը՝ 103-ի»,- գործակալությանն ասել է ոստիկանության ներկայացուցիչ  Օմ Ֆայը:

Նրա խոսքով՝ գյուղ հոսող ջրանցքի ջրում ենթադրաբար պեստիցիդներ են պարունակվել: Այն կարող էին օգտագործել տեղացի ֆերմերները բերքը պաշտպանելու նպատակով: