Իսրայելի ՌՕՈՒ-ն Գազայի հյուսիսային մասում գրոհել է պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման դիրքերի վրա՝ ի պատասխան հրեական պետության տարածքում հրկիզումների նպատակով այրվող օդապարուկների արձակման: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Իսրայելի Պաշտպանության բանակի կիրակի տարածած մամուլի հաղորդագրությունը:

«Գիշերը ՌՕՈՒ-ն հարվածել է Գազայի հյուսիսային մասի սահմանին ՀԱՄԱՍ-ի ահաբեկչական դիրքերին, որտեղից ահաբեկիչները այրվող օդապարուկներ էին արձակում Իսրայելի շրջաններում հրկիզումների նպատակով»,- նշված է հաղորդագրության մեջ: Զինվորականները հավելել են, որ բանակը «կշարունակի գործել ահաբեկչական ակտիվության ճնշման ուղղությամբ», որի աղբյուրն է Գազայի հատվածը:

Ուրբաթ Պաղեստինի առողջապահության նախարարության տեղեկություններով՝ Գազայի հատվածի սահմանին իսրայելցի զինվորների հետ բախման արդյունքում վիրավորվել է 70 պաղեստինցի: Իսրայելցի զինվորականների հաշվարկով՝  սահմանի երկայնքով 5 շրջաններում անկարգություններին մասնակցել է մինչեւ 10 հազար պաղեստինցի: Նրանք այրում էին անվադողերը եւ արձակում այրվող իրերին ամրացված օդապարուկներ իսրայելական տարածքները հրկիզելու նպատակով, նշել են իսրայելցի զինվորականները՝ հավելելով, որ պաղեստինցիները շարունակել են այրվող օդապարուկներ արձակել նաեւ շաբաթ:

Բողոքի բարձրակետը նախատեսված է մայիսի 15-ին, երբ պաղեստինցիները Իսրայել պետության ստեղծման տարեդարձի հաջորդ օրը գրիգորյան օրացույցով նշում են Աղետի օրը («Ան Նաքբա»): Ծրագրված է բազմամիլիոնանոց երթ դեպի հրեական պետության սահմանի բաժանարար կառույց: