Չինաստանի Հեբեյ նահանգի Ուան քաղաքի իշխանությունները կնոջ են ձերբակալել քրեական հանցագործություններ կատարելու կասկածանքով, որը երկրում հռչակվել էր 118 երեխաների որդեգրման համար միլիոնավոր յուան ծախսելով, եւ որոշում են ընդունել նրա մասնավոր մանկատունը փակելու մասին, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով տեղական լրատվամիջոցներին:
Լի Լիցզյուանը, որն իրեն միլիոնատեր էր անվանում, 1996 թվականից է սկսել երեխաների որդեգրել եւ 2007 թվականին հիմնադրել է «Սիրո գյուղ» սեփական մասնավոր մանկատունը: Լրատվամիջոցները հայտնում են, որ նա որդեգրել է 118 որբերի: Նրա գործունեությունն ակտիվորեն լուսաբանել են լրատվամիջոցները, ինչի շնորհիվ նա ամբողջ երկրում հանրահայտ է դարձել:
Global Times պարբերականը հայտնում է, որ ոստիկանության հայտարարությամբ՝ հայտնի դառնալով մանկատան տիրուհին բարեգործությունն օգտագործել է անձնական հարստացման համար, խոշոր գումարներ է ստացել բյուջեից, ինչպես նաեւ բարերարներից: Ոստիկանությունից հայտարարել են, որ նա կասկածվում է որդեգրած երեխաներին օգտագործելով տեղացի պաշտոնյաներին սպառնալու եւ վախեցնելու մեջ:
Լրատվամիջոցները հայտնում են, որ կինը 70 հազար յուան է շորթել ընկերությունից, որը պետք է մանկատան շենքի տակով մալուխ անցկացներ, ինչպես նաեւ 300 հազար յուան՝ հյուրանոցից եւ հոսպիտալից:
Իշխանությունների հայտարարությամբ՝ մանկատան մի քանի երեխաներ իրականում ծնողներ ունեին: Մանկատունը նրանց անուններն օգտագործում էր իշխանություններին խաբելու եւ նրանց պահելու համար պետական սուբսիդիաներ ստանալու համար:
Իշխանությունները մանկատնից վերցրել են 74 երեխայի, երբ որոշել են այն փակել, որը չէր անցել ամենամյա պարտադիր ստուգումը:
Կինը կասկածվում է մի ամբողջ շարք հանցագործությունների կատարման մեջ, այդ թվում՝ շանտաժի եւ հասարակական կարգի խախտման: Ոստիկանությունը սառեցրել է ավելի քան 20 մլն յուանի (3,1 մլն դոլար) եւ ավելի քան 20 հազար դոլարի նրա բանկային հաշիվը: Պարզել են նաեւ, որ նա տնօրինում է մեծ թվով անշարժ գույք եւ շքեղ ավտոմեքենաներ:
Դրանից բացի, տեղեկություններ են հայտնվել, որ մանկատանը կարող էին լինել առեւանգված երեխաներ: Դրա հետ կապված ոստիկաններն արյան նմուշներ են վերցրել՝ անհայտ կորածների տվյալների բազայով ստուգում անցկացնելու համար:




























