Կապ չունի, թե ով կլինի վարչապետը, այսօր եւ սրանից հետո միայն մի սուբյեկտ իրավունք ունի որոշելու, թե ով լինի իշխանության մեջ։ Այս մասին այսօր՝ մայիսի 8-ին Հանրապետության հրապարակում բազմահազարանոց հանրահավաքի ժամանակ հայտարարել է ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Երբեք, այլեւս երբեք որեւէ մեկը չի համարձակվի որեւէ ոտնձգություն կատարել ձեր այս հաղթանակի դեմ»,- ասել է Փաշինյանը եւ հավելել. «Բայց ես ուզում եմ, որ հստակ արձանագրենք՝ որն է հաղթանակը եւ այդ հաղթանակի էությունը։ Հաղթանակն այն չէ, որ ես ընտրվեմ ՀՀ վարչապետ, այլ այն, որ դուք եք որոշել, թե ով լինի ՀՀ վարչապետ»։
Ըստ Փաշինյանի՝ կապ չունի, թե ով կլինի վարչապետը, այսօր եւ սրանից հետո միայն մի սուբյեկտ իրավունք ունի որոշելու, թե ով լինի իշխանության մեջ, եւ այդ սուբեկտը ՀՀ քաղաքացին է։ «Սրանից հետո ժողովուրդը պիտի հոգ տանի, որ բոլոր պաշտոնյաներն ազնիվ եւ անմնացորդ ծառայեն ժողովրդին, հակառակ դեպքում՝ ժողովուրդը պիտի անի իր քայլը»,- նշել է նա եւ հավելել. «Ստանձնելով ՀՀ վարչապետի պաշտոնը՝ հայտարարում եմ, որ ծառայում եմ հայ ժողովրդին, ծառայում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին, ծառայում եմ Արցախի Հանրապետությանը, ծառայում եմ Հայաստանի Հանրապետությանը»։
Նշենք, որ ՀՀ Ազգային ժողովի մայիսի 8-ի հատուկ նիստում կայացած անվանական, բաց քվեարկությամբ «Ելք» խմբակցության ղեկավար Նիկոլ Փաշինյանն ընտրվեց ՀՀ վարչապետ: Փաշինյանի օգտին կողմ քվեարկեց 59, դեմ՝ 42 պատգամավոր:




























