Վարչապետի պաշտոնում Նիկոլ Փաշինյանի ընտրվելուց հետո միջազգային լրատվամիջոցներում մեծ թվով հրապարակումներ կան Հայաստանի մասին:

AFP-ն գրում է, որ ընդամենը երեք շաբաթ առաջ քչերը կարող էին մտածել, որ Նիկոլ Փաշինյանը՝ 42-ամյա ընդդիմադիր պատգամավոր եւ նախկին խմբագիր, որը նաեւ բանտարկված է եղել, Հայաստանի նոր վարչապետը կդառնա: «Իշխող կուսակցության դեմ զանգվածային բողոքի ակցիաների առաջին շաբաթներից հետո Փաշինյանին հաջողվեց կտրուկ փոխել երկրի քաղաքական լանդշաֆտը եւ Հայաստանի Ազգային ժողովի կողմից վարչապետ ընտրվել»,- նշված է հոդվածում:

Ամերիկյան «Washington Post»-ում հրապարակված հոդվածում էլ նշվում է, որ ընդդիմադիր պատգամավորից մինչեւ վարչապետի աթոռ Փաշինյանի անցումը կայծակնային էր:

Բրիտանական BBC-ն իր հերթին ընդգծել է, որ իշխող մեկ կուսակցության դեմ Հայաստանի խաղաղ ընդվզումը եւ այն, թե ինչպես դրան արձագանքեցին քաղաքական առաջնորդները, կարելի է աննախադեպ երեւույթ անվանել նախկին խորհրդային պետության համար: «Ռուսաստանը չմիջամտեց վերջին քաղաքական իրադարձություններին, իսկ Փաշինյանը պատգամավորներին հայտարարեց, որ Մոսկվայի հետ հարաբերություններն առաջնային են լինելու, հատկապես՝ ռազմական համագործակցության ոլորտում»,- ասված է հոդվածում:

Ամերիկյան CNN-ն նույնպես վարչապետի ընտրությունը դիտարկել է աշխարհաքաղաքական համատեսքտում: «Այսօրվա քվեարկության արդյունքն առավելապես հետաքրքիր կլինի Ռուսաստանի համար: Չնայած երկրներն ընդհանուր սահման չունեն, Ռուսաստանը լուրջ տարածաշրջանային ազդեցություն ունի, եւ Մոսկվան Հայաստանի սպառազինության կարեւոր մատակարարն է»,- գրել է հեղինակը:

Reuters-ի թղթակիցների հոդվածում նշվում է, որ Փաշինյանին լուրջ մարտահրավերներ են սպասվում, քանի որ «պետական ապարատում եւ անվտանգության բնագավառում գերիշխում են պաշտոնանկ արված նրա նախորդի համախոհները»: «Փաշինյանն արդեն հայտարարել է, որ առաջին քայլը լինելու է արտահերթ ընտրությունների անցկացումը: Նա, միաժամանակ, հայտարարել է, որ արմատական բարեփոխումներ է անցկացնելու՝ կաշառակերությունից եւ խնամիությունից ազատվելու համար»,- ասվում է հոդվածում:

«The New York Times» պարբերականը Հայաստանի իրադարձություններին ծավալուն հոդված է նվիրել, որտեղ ներկայացվում է քվեարկության արդյունքը, Փաշինյանի կենսագրությունը, ինչպես նաեւ վարչապետի հետ հարցազրույցից հատվածներ: Հոդվածի հեղինակ Նեյլ Մաքֆարքուհարը նշում է, որ եթե անցած ամսվա իրադարձություններն ապագայի առաջնորդողը դառնան, ապա, հնարավոր է, Հայաստանն այլեւս երբեք չվերադառնա հին ուղուն:

«Եթե շատ հայեր հրաշք են համարում, որ իրենց երկիրը մեկ գիշերվա ընթացքում փոխվեց, պարոն Փաշինյանը սա կոչում է շուրջ 20 տարի առաջ սկսված ճամփորդության վերջնագիծ»,- նշում է հեղինակը: