Ես պետական ծառայող եմ եւ ցանկացած կառավարության դեպքում իմ գործն աշխատելն է: Այս մասին, այսօր՝ մայիսի 9-ին, Հաղթանակի զբոսայգում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը՝ անդրադառնալով հարցին, թե արդյոք պատրաստ է աշխատել նոր կառավարության կազմում:

Նա նշել է, որ պետական ծառայողը պետք է ոչ թե անձին ծառայի, այլ պետությանը, եւ եթե օգտակար կլինի իր ծառայությունը, ինքը պատրաստ է աշխատըել:

Անդրադառնալով համաժողովրդական շարժմանը, Շավարշ Քոչարյանն ասաց. «Ստեղծվել են լավ նախադրյալներ բոլոր ուղղություններով առաջընթացի համար, այդ թվում արտաքին քաղաքականության, որովհետեւ կարծում եմ՝ այսօր Հայաստանի հետ ավելի շատ են հաշվի նստելու, քան նախկինում»:

Հարցին, թե ինչ է փոխվելու արտաքին քաղաքականության առումով, ԱԳ փոխնախարարն արձագանքեց. «Հիմնականում ամեն ինչ պահպանվում է, բայց կա մի շեշտադրում, որը կարեւոր է, ավելի արժանապատիվ: Այ դա ես արձանագրում եմ: Այսինքն ընդհանուր առմամբ պահպանվում է արտաքին քաղաքականության հավասարակշռված մոտեցումը, բայց կա մի գիծ, որ նա պետք է լինի ավելի արժանապատիվ, ավելի հետամուտ լինի, որպեսզի բոլոր հարաբերություններում լինի եւ հավասարություն, եւ մեր շահերի առաջ մղում, թե երկկողմ հարաբերություններում, թե բազմակողմ ֆորմատներում»: