Բոլորը պետք է իրավական դաշտ վերադառնան եւ պատասխանատվության ենթարկվեն, չնայած հայտարարվել էր, որ ոչ մի վենդետա չի լինի: Մայիսի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի կարծիք հայտնեց ԱԺ նախկին պատգամավոր Հովհաննես Իգիթյանը:
Նրա խոսքով՝ որոշ մարդիկ, լինելով շարքային քաղաքացիներ, վախեցել են որեւէ պատասխանատվություն ստանձնել, իսկ Հայաստանի Հանրապետական կուսակցության մարտավարությունը հանգում էր նրան, որ եթե մարդը ցանկանում է կարիերա անել, ապա անպայման պետք է ՀՀԿ-ին անդամակցի: «Ինչ վերաբերում է ուժային կառույցներին, ապա այնտեղ պետք է լիարժեք փոփոխություններ կատարվեն: Նրանք պետք է սկսեն սպասարկել պետության շահերին»,- հավելեց Իգիթյանը:
Նա կարծում է, որ փոփոխությունների կարիք ունի նաեւ Հայաստանի արտաքին քաղաքականությունը, հանրապետության ԱԳՆ-ն պետք է ներկայացնի ոչ թե որեւէ առանձին վերցրած կուսակցության շահերը, այլ ընդհանրապես ամբողջ երկրի: Դրանից բացի, Հովհաննես Իգիթյանի կարծիքով, կարեւոր է երկրում դատական իշխանության կազմավորումը, որը պետք է գործի բացառապես օրենքի շրջանակում:
Հիշեցնենք, որ ապրիլի 13-ից երկրում անցկացվող բողոքի զանգվածային ցույցերի հետեւանքով վարչապետ Սերժ Սարգսյանը հայտարարեց իր հրաժարականի մասին: Խորհրդարանը մայիսի 8-ի հատուկ նիստում ստիպված էր ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանին ընտրել երկրի վարչապետի պաշտոնում:




























