ՀՀ նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանի կառավարումը ժամանակավոր կլինի, բայց նա պարտավոր է երկրում արմատական բարեփոխումներ կատարել։ Այս մասին մայիսի 10-ին՝ լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է Լեւոն Պետրոսյան նախագահության օրոք ԿԲ ղեկավարի պաշտոնը զբաղեցրած Բագրատ Ասատրյանը։

Նրա խոսքով՝ Հայաստանի առաջ բազմաթիվ միգրացիոն եւ սոցիալ–տնտեսական խնդիրներ են ծառացած, ինչպես նաեւ հարցեր կապված անվտանգության հետ, եւ ժամանակավոր կառավարությունը այս բոլորը պետք է լուծի. «Արդեն հասկանալի է, որ այդ կառավարությունը ժամանակավոր է լինելու, այնպես ինչպես սպասելիքները նրանից շատ բարձր են։ Այդ պատճառով շատ կարեւոր նշանակություն ունի վարչապետի թիմի ձեւավորումը»,–նշել է Ասատրյանը։

Նա նաեւ գտնում է, որ նոր կառավարությունում պարտադիր պետք է ներկայացված լինի երիտասարդությունը, ավելին պետք է գերակշռի։ Նրա կարծիքով՝ առաջին հերթին նոր իշխանությունները պետք է փոփոխություններ կատարեն Ընտրական օրենսգրքում, ինչպես նաեւ կառավարությունում. «Վերջիվերջո, այնպիսի երկրի համար ինչպիսին Հայաստանն է՝ երեք փոխնախարար ու 18 նախարարներ ունենալը շքեղություն է»,–նկատել է Ասատրյանը՝ հավելելով, որ նախարարների ընդունելի թիվը 10-12-ն է։