Ներկա պայմաններում չի կարելի նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանին մենակ թողել, որ նա ստիպված չլինի բոլոր խնդիրները միայնակ լուծել։ Այս մասին մայիսի 10-ին՝ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ առաջին մարդու իրավունքների պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը։
Նրա խոսքով՝ չի կարելի թույլ տալ, որ բոլոր որոշումները կրկին մեկ մարդ կայացնի՝ հասարակությունից խզված եւ առանց քաղաքացիական վերահսկողության, ինչպես նախկինում էր. «Կարծում եմ՝ անհրաժեշտ է ինստիտուցիոնալ կապ ստեղծել հասարակության եւ կառավարության միջեւ»,–պարզաբանել է Ալավերդյանը։
Իրավապաշտպանի համոզմամբ՝ հասարակական կառույցները եւ քաղաքացիական հասարակությունը պետք է վերահսկիչ գործառույթ ունենան։ Միաժամանակ, հայ հասարակությունը չպետք է ուղղակի փոփոխությունների սպասի, այլ պարտադիր ինքնուրույն գործի, որ երկրում վերջապես դրական փոփոխություններ տեղի ունենան. «Չկա ոչ մի քաղաքական ուժ կամ առաջնորդ, որը, գալով իշխանության, հայտարարի, թե վատ է կառավարելու կամ երկրում խնդիրները չեն լուծվելու։ Բոլորը, այդ թվում Փաշինյանը, հայտարարել են, որ կկառավարեն ավելի արդյունավետ։ Բայց միայն հայտարարությունները քիչ են, հասարակությանը չի կարելի մի կողմ քաշվել եւ միայն հետեւել»,–եզրափակել է նա։





























