Նորընտիր վարչապետ Նիկոլ Փաշինյանից առաջին հերթին սպասում են արդարադատության համակարգի բարեփոխում: Այս մասին մայիսի 10-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարեց ազգագրագետ Հրանուշ Խառատյանը:

Նրա խոսքով՝ դատարանները պետք է իսկապես անկախ լինեն: «Այն մարդիկ, որոնք բանտարկված են իրենց քաղաքական հայացքների համար, պետք է ազատվեն: Երկրում բոլորն, ի վերջո, պետք է օրենքի առաջ հավասար լինեն»,- նշեց Խառատյանը: Նա կարծում է, որ առանց դրա Հայաստանը չի կարող որակյալ առաջընթաց ունենալ երկրի հետագա զարգացման իմաստով:

Հիշեցնենք, որ ապրիլի 13-ից երկրում անցկացվող բողոքի զանգվածային ցույցերի հետեւանքով վարչապետ Սերժ Սարգսյանը հայտարարեց իր հրաժարականի մասին: Խորհրդարանը մայիսի 8-ի հատուկ նիստում ստիպված էր ընդդիմության առաջնորդ Նիկոլ Փաշինյանին ընտրել երկրի վարչապետի պաշտոնում: