Իսպանիայի ֆինանսների նախարարությունը հետաքննություն է սկսել կատալոնյան կառավարության նախկին ղեկավար Կարլես Պուչդեմոնի նկատմամբ՝ սեփականության մասին հայտարարագիրը ժամանակին չներկայացնելու կապակցությամբ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Օրենքի համաձայն՝ այդ տեղեկությունները ժեներալիտետի նախկին ղեկավարը պետք է տրամադրեր հրաժարականի պահից հետո երեք ամսվա ընթացքում: Պուչդեմոնը հեռացվել էր կատալոնյան կառավարության ղեկավարի պաշտոնից նախորդ տարվա հոկտեմբերի վերջին Իսպանիայի կառավարության ղեկավար Մարիանո Ռախոյի որոշմամբ՝ Կատալոնիայում ապօրինի հանրաքվե անցկացնելու եւ տարածաշրջանային խորհրդարանի կողմից անկախության հռչակումից հետո:

Օրենքի խախտման եւ հայտարարագիրը չներկայացնելու դեպքում քաղաքական գործիչը 4 տարի ժամկետով կարող է զրկվել պետական ​​պաշտոն զբաղեցնելու իրավունքից: