Հայաստանի ազգային անվտանգության ծառայության կուռ եւ բանիմաց անձնակազմն իր տքնաջան աշխատանքով ունակ է լուծել համակարգի առջեւ ծառացած ցանկացած հիմնախնդիր։ Այդ մասին ասվում է ԱԱԾ նախկին տնօրեն Գեորգի Կուտոյանի՝ ծառայության աշխատակիցներին ուղղված ուղերձում։
«Արմենպրես»-ի փոխանցմամբ, ուղերձում մասնավորապես ասված է.
«Պարոնա՛յք գեներալներ եւ սպաներ, սիրելի՛ վետերաններ, հարգելի՛ գործընկերներ
Ազգային անվտանգության մարմինների հիմնական խնդիրներն են եղել ինքնիշխանու-թյան, պետական սահմանների անձեռնմխելիության, տարածքային ամբողջականության, սահմանադրական կարգի, քաղաքացիների իրավունքների, ազատությունների եւ օրինական շահերի ապահովումը, հանրապետության պաշտպանունակության ամրապնդումը։
Վերջին օրերի ընթացքում իմ պաշտոնավորումը պայմանավորված է եղել բացառապես այդ խնդիրների լուծման բնականոն շարունակականությունն ապահովելու եւ երկիրը ներքին ու արտաքին մարտահրավերներից զերծ պահելու անհրաժեշտությամբ, ինչն էլ Ձեր անմնացորդ հայրենասիրության եւ պատասխանատվության բարձր զգացումի շնորհիվ կարողացել ենք պատվով կատարել։
Այժմ հեռանալով Ազգային անվտանգության ծառայության տնօրենի պաշտոնից՝ իմ խորին շնորհակալությունն եմ հայտնում մեր համատեղ ծառայության եւ իմ նկատմամբ ցուցաբե-րած վստահության համար, միաժամանակ լիահույս եմ, որ ունենալով հատուկ խառնվածք եւ հաստատուն կամք, հետայսու եւս կշարունակեք արդար եւ անկողմնակալ իրականացնել լիազորությունները, ազնիվ եւ բարեխիղճ կատարել ծառայողական պարտականությունները։
Հույսով եմ նաեւ, որ մեր բոլորի տեսլականը՝ Ազգային անվտանգության ծառայությունը դարձնել ոչ միայն տարածաշրջանում, այլեւ ողջ աշխարհում լավագույն հատուկ ծառայություններից մեկը, իրատեսական է, քանզի Ծառայության կուռ եւ բանիմաց անձնակազմն իր տքնաջան աշխատանքով ունակ է լուծել համակարգի առջեւ ծառացած ցանկացած հիմնախնդիր։
Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ նաեւ խորին շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետության երրորդ Նախագահին՝ իմ նկատմամբ ցուցաբերած անվերապահ վստահության եւ մեր պետականության ամրապնդման գործում Ազգային անվտանգության ծառայությանը մշտապես գործուն աջակցելու համար։
Երախտիքիս խոսքն եմ հղում նաեւ Հայաստանի Հանրապետության կառավարության եւ իրավապահ մարմինների իմ բոլոր գործընկերներին, ինչպես նաեւ այլ պետությունների գործընկեր հատուկ ծառայությունների ներկայացուցիչներին՝ ակտիվ համագոր-ծակցության եւ փոխգործակցության համար։
Հույսով եմ, որ Ազգային անվտանգության մարմինների գործունեությունը, համակարգի աշխատակիցների մասնագիտական բարձր պատրաստվածությունը, հմուտ եւ գրագետ աշխատանքը, ամենակարեւորը՝ անմնացորդ նվիրումը եւ պարտքի բարձր գիտակցումն ի շահ մեր Հայրենիքի, մշտապես հարգանքի եւ արժանի գնահատանքի կարժանանան»։





























