Հայաստանի ազգային անվտանգության ծառայության տնօրեն կնշանակվի ԱԱԾ Երեւանի քաղաքի վարչության պետի տեղակալ Արթուր Վանեցյանը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«ԱԱԾ գործառույթները, ցավոք սրտի, երկար տարիներ խեղաթյուրված են եղել։ Ինչպես մի փորձագետ շատ ճիշտ նկատեց, ԱԱԾ-ն ավելի շատ ներքաղաքական խնդիրների մասնակից է եղել, քան անվտանգության ապահովմամբ է զբաղվել»,- ասել է նա եւ շեշտել երկու հիմնական խնդիր. «Այն գործառույթները, որոնք կապված են հակահետախության, հետախոզության հետ, ԱԱԾ-ն պետք է կատարի։ Գիտեք, որ ԱԱԾ-ն է զբաղվում հիմնականում մաքսային գործառույթներով, մաքսանենգության հետ կապված հանցագործություններով։ ԱԱԾ առաջիկա խնդիրներից պիտի լինի մաքսային ոլորտում որեւէ կարգի չարաշահումը։ ԱԱԾ-ն նաեւ լրջագույն գործառույթներ պիտի իրականացնի կոռուպցիայի դեմ պայքարում։ Մենք պիտի արմատախիլ անենք Հայաստանից, եւ անենք չափազանց արագ»։
Ըստ Փաշինյանի, ժողովրդին պետք են տեսանելի եւ արագ արդյունքներ։ «Պետք է անձին, պաշտոնյային գնահատելիս ելնենք այն արդյունքներից, որ նրանք ցույց են տալիս։ Ըստ այդմ, ՀՀ քաղաքացիները պետք է շատ արագ տեսնեն այդ արդյունքները եւ գոհ լինեն ԱԱԾ եւ ոստիկանության աշխատանքից»,- նշել է վարչապետը։
Նա հույս է հայտնել, որ նոր ոստիկանապետն ու ԱԱԾ նոր տնօրենը հստակ կկատարեն իրենց պարտականությունները։
Հիշեցնենք, որ ոստիկանապետի պաշտոնում էլ նշանակվել է Երեւանի փոխոստիկանապետ Վալերի Օսիպյանը։




























