Ռուսաստանցիների կեսից ավելին հետեւում են Հայաստանում տեղի ունեցող իրադարձություններին, առավել հաճախ այն բնութագրում են որպես «թավշյա հեղափոխություն»: Այսպիսին են Հասարակական կարծիքի հարցման համառուսական կենտրոնի հետազոտության տվյալները, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

Հարցման արդյունքներից հետեւում է, որ Հայաստանի իրադարձությունների հանդեպ հետաքրքրություն է դրսեւորում հարցվածքների 59 տոկոսը, սակայն այս երկրում իրադարձություններին ակնդետ հետեւում է նրանցից միայն 9 տոկոսը, մինչդեռ մնացյալը (50 տոկոսը)՝ ժամանակ առ ժամանակ: Հարցվածների 40 տոկոսը հայտնել է, որ այս թեմայով չի հետաքրքրվում:

Հարցման ընթացքում մասնակիցներին, որոնք հայտարարել են, թե տեղյակ են Հայաստանում տեղի ունեցողին, առաջարկվել է սեղմ նկարագրել այդ իրադարձությունները: Առավել տարածված տարբերակն է (28 տոկոս) որպես «թավշյա հեղափոխություն» որակումը:  Այնուհետեւ հաջորդում են «Սարգսյանի ընտրությունների հետ կապված զանգվածային հուզումներ, բողոքի ցույցեր» որակումը (14 տոկոս), «կլինեն պետության նոր ղեկավարի ընտրություններ» (10 տոկոս): 30 տոկոսը դժվարացել է պատասխանել:

Հայաստանի իրադարձություններով հետաքրքրվողների թվում հարցվածները տարբեր կարծիք են հայտնել այն հարցի վերաբերյալ, թե ներկայիս իրավիճակն ինչպես կանդրադառնա ռուս-հայկական հարաբերությունների վրա. 28 տոկոսի կարծիքով՝ կհանգեցնի հարաբերությունների վատթարացման, 20 տոկոսի կարծիքով՝ բարելավման, 27 տոկոսի կարծիքով՝ երկկողմ կապերի վրա ոչ մի կերպ չի ազդի:

Մեծ թվով հարցվածներ ((78 տոկոս) տեղի ունեցածով հետաքրքրվողների խմբում) կարծում են, որ Ռուսաստանում համանման իրադարձությունների կրկնողությունն «ավելի շուտ անհնար է»: 15 տոկոսը դա ավելի շուտ հնարավոր է համարում: Ըստ որում, ինչպես ուշադրություն են հրավիրում սոցիոլոգները, «այս կարծիքը նկատելիորեն տարածված է 18-24 տարեկանների միջինընտրանքային խմբում՝ 30 տոկոս»:

Համառուսական նախաձեռնողական հարցումը «ՀԿՀՀԿ-Սպուտնիկն» անցկացրել է 2018 թվականի մայիսի 7-8-ին 18 տարեկանից սկսած տարիքի ռուսաստանցիների շրջանում:

Հարցման մեթոդն է պատահական ընտրանքով անշարժ եւ շարժական համարներով հեռախոսազրույցը՝ 2 հազար հարցվածների շրջանում: