«Սասնա ծռերի» 11 անդամի գործով փաստաբաններն այսօր՝ մայիսի 11-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ամբաստանյալների խափանման միջոցը փոխելու մասին միջնորդություն են ներկայացրել դատարանին: Նիստը նախագահում է դատավոր Արշակ Վարդանյանը:
Փաստաբաններն իրենց ելույթում նշել են, որ «Սասնա ծռերի» անդամներին կալանքի տակ պահելու բոլոր հիմքերը վերացել են, քանի որ երկրում իրավիճակ է փոխվել, եւ նրանք ազատության մեջ լինելով՝ այլեւս որեւէ հակաիրավական արարք չեն գործի:
Մեղադրող Հակոբ Ենոքյանը հայտարարել է, թե չի առարկում միջնորդությանը, բայց, նրա խոսքով, երկրում իրավիճակ փոխվելով՝ չեն փոխվել գործի փաստական հանգամանքները, նոր փաստեր ի հայտ չեն եկել, որոնք թույլ կտային փոխել ամբաստանյալների խափանման միջոց կալանավորումը:
«Սասնա ծռերի» անդամ, ամբաստանյալ Վարդան Գերավետյանն էլ հայտարարել է, որ ազատության մեջ գտնվելով՝ իրենք չեն խոչընդոտի գործի քննությանը, միաժամանակ, իրենց քրեակատարողական հիմնարկում չպահելով՝ հնարավոր կլինի միջոցներ խնայել:
Պաշտպաններից Դավիթ Գյուրջյանն էլ ամբաստանյալ Արամ Հակոբյանին դատաբժշկական փորձաքննության ենթարկելու միջնորդություն է ներկայացրել: Ըստ պաշտպանի՝ հնարավոր է՝ Հակոբյանի հիվանդությունների հիմքով նրա խափանման միջոցը փոխվի:
Այս պահին փաստաբանները շարունակում են ամբաստանյալների խափանման միջոցը փոխելու վերաբերյալ հիմնավորումներ ներկայացնել:





























