Ազգային ժողովի «Ելք» խմբակցության պատգամավորներ Լենա Նազարյանն ու Արարատ Միրզոյանը անձնական երաշխավորություն են ներկայացրել ձերբակալված «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Գարեգին Չուգասզյանի խափանման միջոցը փոխելու վերաբերյալ:

Այս մասին Արարատ Միրզոյանը գրել է Facebook-ի իր էջում:

Նա նաեւ ներկայացրել է փաստաթուղթը, որտեղ գրված է. «Սույնով երաշխավորում ենք, որ թիվ 58212116 քրեական գործով մեղադրյալ Գարեգին Բաբկենի Չուգասզյանը, գտնվելով ազատության մեջ, կդրսևորի պատշաճ վարքագիծ, չի խուսափի իր դատավարական պարտականությունները պատշաճ կատարելուց՝ քրեական վարույթն իրականացնող մարմնի կանչով ներկայանալուց:

Գարեգին Չուգասզյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքը սույն անձնական երաշխավորության հիմքով փոփոխելու կամ փոխարինելու պարագայում ստանձնում ենք դրանից բխող բոլոր պարտավորությունները»:

Հիշեցնենք, որ Չուգասզյանը ձերբակալվել էր ընդհատակից դուրս գալուց հետո՝ ապրիլի 24-ին: Նա մեղադրվում է ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասի՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու հատկանիշներով: