Մայիսի 16-18-ը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը կայցելի ԱՄՆ, որի ժամանակ բանակցություններ կվարի երկրի նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Այս մասին ուրբաթ հայտնել են դաշինքի մամուլի ծառայությունից, փոխանցում է ՏԱՍՍ-ը:

«Գլխավոր քարտուղարն ԱՄՆ կայցելի մայիսի 16-18-ին՝ հուլիսին Բրյուսելում կայանալիք ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախաշեմին դաշնակիցների հետ խորհրդակցությունների շրջանակում: Գլխավոր քարտուղարը կհանդիպի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ»,- նշված է տարածված հաղորդագրության մեջ:

Ստոլտենբերգը մտադիր է հանդիպել նաեւ ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոյի,  երկրի պաշտպանության նախարար Ջեյմս Մեթիսի եւ նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնի հետ:

Դաշինքի մամուլի ծառայությունից չեն հստակեցրել ԱՄՆ ղեկավարության հետ Ստոլտենբերգի բանակցությունների օրակարգը: