Հանրապետական կուսակցությունը որեւէ կերպ չի խանգարելու կառավարության աշխատանքին: Այդ մասին լրագրողների հետ զրույցում ասել է Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը։
Խոսելով Նիկոլ Փաշինյանի կադրային քաղաքականության մասին՝ նա նշել է. «Նշանակումները կատարված են, ժամանակ է պետք, որ գնահատենք։ Այդ մարդկանց, որոնք նշանակվել են, մենք աշխատել ենք, բայց այլ պայմաններում»։
Ըստ Բաղդասարյանի, կադրերը դեռ չեն ավարտվել, դեռ նշանակումները կատարվում են։ «Անկախ թե ով կլինի, մենք աշխատելու ենք այդ մարդկանց հետ»,- ասել է Բաղդասարյանը։
Խոսելով ոստիկանապետի պաշտոնում Վալերի Օսիպյանի նշանակման ամսին՝ Բաղդասարյանն ասել է, թե նրան ղեկավար պաշտոնում չի տեսել, թեեւ պարկեշտ ոստիկան է համարում։
Նա նաեւ նշել է, թե իրենք համաձայն են ցանկացած սահմանադրական ճանապարհի։ «Եթե մենք որդեգրել ենք այն քաղաքականությունը, որ ԱԺ աշխատանքն ապահովենք, պետք է աշխատենք կառավարության հետ»,- ասել է Բաղդասարյանը՝ նկատելով, որ Փաշինյանի ելույթից եզրակացրել է, թե կառավարության ծրագիրը բավական տրամաբանական է լինելու։ Չի բացառվում, որ ՀՀԿ-ն կողմ քվեարկի ծրագրին, եթե սկզբունքային հակասություններ չլինեն։





























