«Դիլիջան» ազգային պարկի տարածքում անկախ մոնիթորինգ իրականացնող «Բնապահպանի տուն» նախաձեռնության, ինչպես նաեւ «SOS TV»-ի մի քանի ակտիվիստների կողմից մայիսի 8-ին հայտնաբերվել են խոշոր ծառահատումներ: Հայտնաբերվածը նկարահանվել է, հրապարակվել են տեսանյութեր եւ լուսանկարներ, հաղորդում է Econews.am-ը:
Ահազանգն ուսումնասիրել է Բնապահպանության եւ ընդերքի տեսչական մարմինը:
«Armenian Extreme club»-ի տնօրեն, «Բնապահպանի տուն» նախաձեռնության անդամ Գոռ Հովհաննիսյանի խոսքով, այս դեպքի առնչությամբ հակասական փաստեր կան. «Մենք ասում ենք նոր են կտրված ծառերը, իրենք ասում են հին են, մենք ասում ենք կտրած է, իրենք ասում են թափուկ է»,- ասում է նա: Վերջինս նշում է, որ կիրառելի պրակտիկա է ծառը շուռ տալ աշնանը, գարնանը վերադառնալ այն տանելու նպատակով:
Խոսելով մայիսի 8-ին տեղի ունեցած իրադարձությունների մասին, Գոռ Հովհաննիսյանը նշեց. «Մեզ ինչ-որ մեկը նամակ էր գրել ներսից, որովհետեւ գրողը պահաբաժին բառն է օգտագործել, իսկ գյուղացին դժվար թե օգտագործի այդ բառը: Գումարած, նամակում նաեւ ասվում է 3-րդ պահաբաժին, իսկ մենք մեր ֆեյսբուքյան էջում պահաբաժնի համար չենք նշել, որովհետեւ մենք էլ չգիտեինք համարը, բայց գրողը նշել էր: Ներսի մարդը մեզ տվել է տեղեկատվություն, որ այսինչ-այնինչ տեղերում տնօրինությունը ծառ է կտրել: Մենք գնում ենք ու տեսնում, որ արգելափակոցով անցել են, թարմ հետքեր կան, բայց արգելափակոցը ջարդած չէ, ինչպես սովորաբար լինում է, այլ բացված, փակված է: Հետքերով գնում ենք, տեսնում ենք հսկայական մեծ ծառեր, թարմ կտրած, որին իրենք ասում են թափուկ: Եթե թափուկ է, ապա ինչո՞ւ նշված չէր: Երկրորդը՝ դուք ինչո՞ւ տեղյակ չէիք մինչեւ մենք չտարանք գլխին չկանգնացրեցինք»:
Գոռ Հովհաննիսյանը խոսեց նաեւ «Դիլիջան» ազգային պարկի աշխատանքի արդյունավետության մասին՝ ասելով, որ իրենք համոզված են՝ Ազգային պարկն իր գործառույթների զգալի մասը չի իրականացնում եւ եթե այսպես շարունակվի՝ Ազգային պարկ ընդհանրապես չենք ունենալու:
«Խնդիրը կտրածները տեսնելու մեջ չէ, այլ չկտրածները՝ պահպանելու: Այս պահին նրանց միակ գործառույթը ծառերը կտրողներից հետո կտրածները ֆիքսելն է: Ուրիշ ոչ մի գործունեություն չի կատարվում: Ազգային պարկն ունի զբոսաշրջության զարգացման բաժին. ոչ մի քայլ չի արվում այդ ուղղությամբ, բայց բյուջեից փող է գնում:
Ազգային պարկն ունի գիտության զարգացման բաժին՝ հետազոտություններ, կենդանիների նշումներ եւ այլն. ոչ մի քայլ չի կատարվում, բայց բյուջեից ավելի քան 10 հոգու աշխատավարձ է դուրս գալիս: Ազգային պարկն ունի 80-ից ավել անտառապահ, որոնցից ոչ մեկն իրենց տարածքից տեղյակ չեն, բայց մենք մեր 5-6 հոգով կտրած ծառերից տեղյակ ենք լինում: Այդքանից հետո, իրենք գալիս են ընդամենը ծառերը կնքում ու գնում են: Այս է այժմ նրանց գործառույթը:
Այնտեղ 100-ից ավել մարդ է աշխատում, ու այդ ամբողջ համակարգն աշխատում է միայն դրա համար: Շատ գիտական խմբեր գնում են, բայց պարկի տնօրինությունն անգամ տեղյակ էլ չէ դրա մասին: Իսկ պահպանման բաժինն ընդհանրապես չի պահպանում, ուղակի ֆիքսում է տեղի ունեցածը: Անգամ հատուկ խստացված ստուգումների օրերին այնտեղ ոչ ոք չի լինում. 80-ից ավել անտառապահից երեւի ոչ ոք անտառ դուրս չի եկել, որովհետեւ մենք 30 հոգով ամբողջ տարածքն անցել ենք եւ հայտնաբերել ենք միայն ծառահատողներ: Եթե տարածքում անտառապահ լիներ, ծառահատողն անտառում ի՞նչ գործ ուներ»,- մանրամասնեց Գոռ Հովհաննիսյանը:






























