Ըմպելիք եւ սնունդ արտադրող բրիտանական ընկերությունները սկսել են արքայազն Հարրիի եւ ամերիկացի ֆոտոմոդել ու դերասանուհի Մեգան Մարքլի հարսանիքի թեմայով արտադրանք թողարկել, գրում է The Sun-ը:

Ըստ ՏԱՍՍ-ի՝ արդեն վաճառքի են հանվել «Արքայազն Հարրիի եւ միսս Մեգան Մարքլի հարսանիքի պատվին. Սուրբ Գեորգի մատուռ» գրությամբ թխվածքաբլիթներ:

Փորձագետների գնահատմամբ՝ միայն ըմպելիքն ու սնունդը բրիտանական տնտեսությանն առնվազն 80 մլն ֆունտ (ավելի քան 108 մլն դոլար) կբերեն: Ըստ The Grocer ամսագրի՝ հարսանիքն արտադրողներին մղել է նոր արտադրանք թողարկել, եւ մանրածախ առեւտրականները հույս ունեն, որ համընդհանուր տոնական տրամադրությունը լրացուցիչ եկամուտ կապահովի:

Brand Finance խորհրդատվական ընկերության նախնական գնահատմամբ՝ արքայազնի պսակադրությունը Միացյալ Թագավորության տնտեսությանն ընդհանուր առմամբ 500 մլն ֆունտ (680 մլն դոլար) կբերի:

Հաջողության բաղադրիչներից կլինի նաեւ զբոսաշրջիկների հոսքը, այդ թվում՝ արտերկրից: Միայն Վինձորում, որտեղ կայանալու է պսակադրության արարողությունը, ակնկալվում է առնվազն 50 հազար ամերիկացիների ժամանում, իսկ Միացյալ Թագավորություն այդ օրերին շուրջ 350 հազար օտարերկրյա հյուրերի են սպասում:

Արքայազն Հարրիի եւ Մեգան Մարքլի հարսանեկան արարողությունը տեղի կունենա մայիսի 19-ին Վինձորի դղյակի Սուրբ Գեորգի մատուռում: