Մոնթե Մելքոնյանի անվան թիվ 11 դպրոցի նախկին տնօրեն Ռուզան Ազիզյանի նկատմամբ քրեական գործ է հարուցվել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Երևանի ավագանու «Ելք» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը՝ նշելով, որ քրեական գործ է հարուցվել իր եւ դպրոցի ուսուցիչների ներկայացրած բացատրագրի հիման վրա:
«Մայիսի 11-ին Երևանի Մոնթեի անվան դպրոցի նախկին տնօրեն Ռուզաննա Ազիզյանի նկատմամբ Մալաթիայի դատախազությունն արդեն քրեական գործ է հարուցել: Սակայն մայիսի 7-ին նա մեկնել է ԱՄՆ, իր աղջկա մոտ, սակայն ուզում է Լուսնի վրա էլ լինի, Ազիզյանը պետք է կանգնի դատարանի առաջ»,- ասաց է Անահիտ Բախշյանը:
Նշենք, որ քրեական գործը հարուցվել է քրեական օրենսգրքի 308 հոդվածի 1-ին մասով (պաշտոնական դիրքի չարաշահում):
Այդ հոդվածով նախատեված է տուգանք՝ նվազագույն աշխատավարձի 200-300-ապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելը՝ առավելագույնը հինգ տարի ժամկետով: Հոդվածը նախատեսում է նաեւ կալանք՝ երկուսից երեք ամիս ժամկետով, կամ ազատազրկում՝ առավելագույնը չորս տարի ժամկետով։
Նշենք, որ տնօրենի հրաժարականի 2 օր տեւած դասադուլից հետո տնօրենը հրաժարականի դիմում ներկայացրեց: Նրա հրաժարականը պահանջող ուսուցիչներն ու ծնողներն ասում էին, որ Ռուզան Ազիզյանը մի շարք օրինախախտումներ է թույլ տվել: Ուսուցիչները հայտնել էին, որ տնօրենը պարգևավճարներ էր փոխանցում ուսուցիչներին, բայց հետո հետ էր վերցնում դրանք, գումարներ էր հավաքագրում աշակերտներից, ակտիվ մասնակցում ընտրական գործընթացում Հանրապետականի օգտին ձայներ հավաքելու գործընթացին:





























