ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ 21-ամյա երիտասարդի դանակահարության դեպքի առթիվ: Մեկ անձ ձերբակալվել է:
ՀՀ Քննչական կոմիտեից NEWS.am-ին հայտնում են, որ 2018թ. մայիսի 11-ին՝ ժամը 15:40-ին, Մարտունու բժշկական կենտրոնից ահազանգ է ստացվել առ այն, որ «կրծքավանդակի հետին պատի թափածակված վերք, բաց պնեւմոթորակս, քթի վնասվածք, փափուկ հյուսվածքների սալջարդ» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել Գեղարքունիքի մարզի բնակիչ՝ ծնված 1996թ.:
Նախնական քննության տվյալներով՝ 21-ամյա երիտասարդը նույն օրը՝ ժամը 14:00-ի սահմաններում, մարմնական վնասվածքներն ստացել է իրենց տան մոտակայքում հարեւանների հետ կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում:
Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով։
Ձեռնարկված անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել են դեպքի էական նշանակություն ունեցող մի շարք հանգամանքներ, ենթադրյալ հանցագործություն կատարած անձի ինքնությունը, ով հանդիսանում է տուժողի հարեւանը՝ ծնված 1993թ., ով նույն օրը ձերբակալվել է: Հանցագործության գործիք հանդիսացող դանակն առգրավվել է:
21-ամյա երիտասարդը ճանաչվել է տուժող:
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ դեպքի հանգամանքների բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ քննությունն ապահովելու, միջադեպին մասնակից անձանց գործողություններն անհատականացնելու եւ համարժեք քրեաիրավական գնահատական տալու ուղղությամբ։
Քրեական գործով էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել են դատաբժշկական, դատահետքաբանական եւ դատաքրեագիտական փորձաքննություններ:
Նախաքննությունը շարունակվում է:





























