«Սասնա ծռեր» խմբի անդամները ինձ համար  քաղբանտարկյալներ են, այդ մարդկանց հետապնդում են բացառապես իրենց գաղափարների պատճառով: Այս մասին այսօր՝ մայրիսի 12-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշեց փաստաբան Արամազդ Կիվիրյանը: Նրա խոսքով, քաղբանտարկյալն այն անձն է, ով իր գաղափարների պատճառով ենթարկվում է պատասխանատվության, կամ օրինակ, ավելի խիստ պատասխանատվության, կամ մեկ այլ հոդվածով է պատասխանատվության ենթարկվում. «Տվյալ դեպքում իշխանությունը պատժամիջոց է փորձում կիրառել այն անձի նկատմամբ, ով իրացնում է իր կոնվենցիոն իրավունքները:

Կիվիրյանը հույս հայտնեց, որ «Սասնա ծռերի» ինչես նաեւ այլ գործերով, այդ թվում քրեական, քաղաքացիական կամ վարչական դաշտերում, դատարանները կկարողանան այնպիսի արդարադատություն իրականացնել, որը կգոհացնի հասարակությանը:

«Հայաստանում եղել են եւ կան քաղբանտարկյալներ: Տվյալ դեպքում նաեւ մեծ ուշադրություն պետք է դարձնել մեր դատական համակարգի վրա: Ներկայիս համակարգը, մեղմ ասած, չի գոհացնում թե՛ իրավաբաններին, թե՛ հասարակությանը: Բազմաթիվ քաղաքացիներ ուղղակիորեն հավատ չունեն արդարադատության նկատմամբ»,- ասաց Արամազդ Կիվիրյանը:

Իր հերթին, հետաքննող լրագրող, «Անմեղության հայկական ծրագիր» ՀԿ նախագահ Զարուհի Մեջլումյանը նշեց, որ աշխարհում չեք գտնի մի ժողովրդավարական պետություն, որտեղ քրեական օրենսգրքում սահմանված լինի քաղբանտարկյալ տերմինը ամրագրված լինի, դրանք միշտ լինում են քրեական հոդվածների ներքո՝ շենք, շինությունների զավթում, ապօրինի զենք զինամթերք, դավաճանության հոդված եւ այլն:

Նա անդրադարձավ նաեւ անմեղխության կանխավարկածին՝ նշելով. «Միայն անկախ, անաչառ դատարանն է, որն օբյեկտիվ քննության արդյունքում, ապացույցների բավարար համակցությամբ պետք է գնահատական տա՝ արդյոք մեղավոր է անձը, թե ոչ»:

Մեջլումյանը նկատեց, որ խափանման միջոց փոխելու իրավունք ունեն ոչ միայն դատարանները, այլեւ դատախազները՝ իրենց կաբինետներում նստած: Օրինակ Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդու խափանման միջոց կալանքը փոխվեց դատախազի որոշմամբ: «Ընդամենը կարող են փոխել «Սասնա ծռերի» խափանման միջոցը, որ թուլացվի լարվածությունը, որից հետո կարող են շարունակել գործերի քննությունը: Հասարակությունը պետք է հավատ ունենա, որ արդար դատաքննություն է տեղի ունենում»,-ասաց նա՝ հավելելով, որ քաղբանտարկյալներ են բացի «Սասնա ծռերին», 10 տարի 5 ամիս ազատազրկման դատապարտված Ժիրայր Սեֆիլյանը, Հայկ Կյուրեղյանը, որը 9 տարի ազատազրկման է դատապարտվել օդամղիչ ատրճանակով իր բողոքի ձայնը բարձրացնելու համար: