Երեկ՝ մայիսի 12-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երեւանում: Ժամը 08:30-ի սահմաններում «Աստղիկ» բժշկական կենտրոնից ոստիկանության Մալաթիայի բաժին հայտնել են, որ հրազենային վնասվածքով իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:

Shamshyan.com-ի  փոխանցմամբ, ոստիկանները պարզել են, որ հիվանդանոց տեղափոխվածը Երեւան քաղաքի Էրեբունի վարչական շրջանի բնակիչ, 53-ամյա Հակոբ Սեդրակյանն է:

Ոստիկանները պարզել են, որ նրան անզգուշաբար մարմնական վնասվածք է պատճառել Երեւան քաղաքի Հաղթանակ թաղամասի բնակիչ, 43-ամյա Արամ Դալլաքյանը, ով իր մոտ եղած մեկ փողանի ողորկափող որսորդական հրացանից կրակոց է արձակել ընտանի կենդանիների վրա հարձակված կենդանուն վնասազերծելու համար, սակայն կրակոցը դիպել է Հ. Սեդրակյանին:

Մալաթիայի ոստիկանների կատարած բացատրական աշխատանքների շնորհիվ Ա. Դալլաքյանը ինքնակամ ներկայացել է ոստիկանություն, ինչպես նաեւ ներկայացրել որսորդական հրացանը:

Փաստի առթիվ ոստիկանության Մալաթիայի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:

Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Ա. Դալլաքյանը ստորագրությամբ բաց է թողնվել: