Թուրք պաշտոնյաների ասածների մեծ մասը` սկսած Արեւելյան Թուրքիայի հուշարձանների գեղարվեստական արժանիքներից վերջացրած երկիրը նոր Օսմանյան կայսրության վերածելու ծրագրերով, կապված են այդ երկրում կայանալիք խորհրդարանական ընտրությունների հետ: Այդ մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասել է Կովկասի ինստիտուտի տնօրեն, քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանը` մեկնաբանելով Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը, թե Թուրքիան չի պատրաստվում անվերջ թակել Եվրամիության դռները եւ անդամակցություն խնդրել:

«Անկասկած, այդ հայտարարությունները նախընտրական նշանակություն ունեն, եւ ոչ միայն: Այդ հայտարարությունները պետք է դիտարկել տարածաշրջանում իր ծանրակշիռ տեղը ապացուցելու Թուրքիայի նոր քաղաքականության տեսանկյունից: Սակայն այդ հայտարարությունները սպառնալիք չեն Եվրոպային, քանի որ Թուրքիան փորձում է այդ վերապահումների շնորհիվ արտոնություններ ստանալ Եվրոպայից եւ, օգտվելով առիթից, ցանկանում է ավելի թանկ վաճառվել»,- նշեց քաղաքագետը:

Իսկանդարյանի կարծիքով, դա պայքար չէ Եվրոպայի դեմ, այլ գոյություն ունեցող համակարգի մեջ ընդգրկվելու փորձ է: Թուրքիան փորձում է լինել տարածաշրջանի երկրներից չկտրված պետություն, որը ցանկանում է հիմնախնդիրների լուծման նպատակով օգնել միջազգային հանրությանը

Եվրամիությունում լավ հասկանում են, որ Թուրքիայում շուտով խորհրդարանական ընտրություններ են, եւ եվրոպացի պաշտոնյաները լավ հասկանում են այդ հայտարարությունների նպատակը:

«Ընտրություններից առաջ այս կամ այն երկրի իշխանություններին քարտ-բլանշ է տրվում` ներքին շուկայում աշխատելու համար: Նախընտրական փուլում թույլատրվում է այդպիսի փոքր սկանդալներ սարքել»:

NEWS.am-ն ավելի վաղ հաղորդել էր, որ Թուրքիայի վարչապետը «Newsweek»-ին ասել էր, թե Թուրքիան չի պատրաստվում անվերջ թակել Եվրամիության դռները եւ անդամակցություն խնդրել:

Թուրքիայի խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու 2011թ. հունիսի 12-ին:

«Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը Թուրքիայում իշխանության է 2002թ. նոյեմբերից: 2007թ. հունիսին կայացած նախորդ խորհրդարանական ընտրություններում  «Արդարություն եւ զարգացում» կուսակցությունը ստացավ ընտրողների ձայների 47 տոկոսը եւ ձեւավորեց միակուսակցական կառավարություն: