Եվրասիական տնտեսական միությունը պետք է ինքը ապացուցի իր գրավչությունը երրորդ երկրների համար: Այս մասին այսօր Սոչիում կայացած Եվրասիական տնտեսական Բարձրագույն խորհրդի նիստում հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, հաղորդում է ԲԵԼՏԱ-ն:
Երկրի ղեկավարը որպես ԵՏՄ-ում երկրների համատեղ աշխատանքի հաջող փուլ է նշել դիտորդ պետության կարգավիճակի մասին կանոնակարգի մշակված նախագիծը:
«Բայց պետք չէ շտապողական քայլեր ձեռնարկել, հատկապես, եթե երկրները պատրաստ չեն մեր կազմակերպության հետ ավելի սերտ կապեր հաստատել: ԵՏՄ-ն պետք է երրորդ երկրներին իր գրավչությունը ցույց տա», - կարծում է Ալեքսանդր Լուկաշենկոն:
Նախագահը նշել է, որ Բելառուսը աջակցում է Եվրասիական տնտեսական միության մինչեւ 2025 թվականը ընդունված թվային օրակարգը: «Մենք պատրաստ ենք մասնակցել թվային առեւտրի, էլեկտրոնային լոգիստիկայի եւ թվային տրանսպորտային միջանցքների ոլորտի նախաձեռնություններին: Անհրաժեշտ է ստեղծել համատեղ տեխնիկական եւ իրավական պայմաններ, որոնք թույլ են տալիս մեր ազգային համակարգերը միավորել ինտեգրացիոն թվային հարթակներում», - ասել է նա:





























