Հայաստանում 2010 թ. գրանցվեց աշխարհում ամենաբարձր գնաճերից մեկը՝ 9,4 տոկոս։ Հայաստանի Կենտրոնական բանկը, որ ըստ Սահմանադրության պատասխանատու է գների կայունության համար, իրեն ոչ մի բանում մեղավոր չի համարում, եւ բարձր գնաճի համար մեղադրում է բնակլիմայական պայմաններին ու միջազգային շուկաներին։
Սակայն Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած գնաճի հաշվետվությունը մասամբ հերքում է այդ վարկածները։ Այն, որ ծիրանի գնաճը կազմել է 575 տոկոս՝ զարմանալի չէ՝ ծիրան այս տարի համարյա չունեինք։ Սակայն միեւնույն ժամանակ 15 տոկոսով աճել է խաղողի գինը, թեեւ գյուղատնտեսական պաշտոնյաները հավատացնում են, որ խաղողի արտադրության մոտ 30 տոկոս աճ կա։ Ստացվում է՝ մեզ մոտ գներն աճում են անկախ նրանից՝ գյուղմթերքի արտադրությունն աճե՞լ է, թե՞ պակասել։
Գործնականում չունենք ապրանքային խումբ, որտեղ թանկացումներ եղած չլինեն։ Աղը, որ հիմնականում տեղական արտադրության է, եւ ոչ մի կերպ կապված չէ երաշտների հետ, թանկացել է 45 տոկոսով։ Թվում է՝ այս թանկացումներից զզված հայ սպառողները պետք է իրենց անհուն վիշտը խեղդեն օղու շշում, սակայն այստեղ նույնպես մեծ հիասթափություն է սպասում։ Տեղական արտադրության օղին, պարզվում է, նույնպես թանկացել է՝ 9,2 տոկոսով։ Մի փոքր սփոփում է այն հանգամանքը, որ ներմուծվող «.Խորտիցան» էժանացել է։ Խորհուրդ ենք տալիս նաեւ ջղայնությունը չփորձել մեղմել սիգարետի միջոցով, քանի որ դրա համարյա բոլոր տեսակները նույնպես թանկացել են (5-10 տոկոսով):
Իհարկե՝ օղին ու սիգարետը վիշտը սպանելու միակ միջոցը չեն։ Ոմանք հավանաբար կնախընտրեն սեքսը։ Բայց հիշեցնենք, որ կանանց ներքնազգեստը թանկացել է 26 տոկոսով, տղամարդկանց ներքնազգեստը՝ 80 տոկոսով։ Այնպես, որ պետք է այդ հարցում էլ զգույշ լինել։
Բարոյականության ջատագովները, անշուշտ, կնախընտրեն եկեղեցին՝ հոգու անդորրը գերադասելով բոլոր տեսակի կենցաղային անհարթություններից։ Սակայն հնարավոր է՝ դա նրանց չհաջողվի՝ մոմերը թանկացել են 20 տոկոսով։
Ժողովրդի մեջ, բնականաբար, կան սրտից թույլ մարդիկ, որոնք չեն հասցնում ոչ գիշերային ակումբ գնալ, ոչ էլ՝ եկեղեցի։ Վայրենացած գների ճնշման ներքո մեր հիվանդները հազիվ հասցնեն միայն դեղատուն մտնել։ Սակայն այստեղ տհաճություններն ավելի շատ են՝ «Կորվալոլը» թանկացել է 15 տոկոսով, թանկացել են նաեւ մյուս դեղամիջոցները։ Միայն անալգինն է, որ 0,6 տոկոսով էժանացել է։ Էլի մի բան է։
Այն մարդիկ, որ կրթված են ու կարողանում են հարցին փիլիսոփայորեն մոտենալ, կամ պարզապես երիտասարդ են ու կենցաղային հարցերի մեջ խորանալ չեն սիրում, հաստատ կգերադասեն համերգ, թատրոն, կամ առնվազն՝ կրկես։ Բայց գնաճը այստեղ էլ նրանց հանգիստ չի տա՝ համերգային ներկայացումները թանկացել են 225 տոկոսով, կրկեսայինները՝ 33 տոկոսով։
Մնում է վերջին տարբերակը՝ բացել ընդդիմադիր թերթն ու մի կարգին ուրախանալ մեր իշխանավորների արարքներով։ Բայց Ազգային վիճակագրությունը անմիջապես կսպառի ձեր էնտուզիազմը՝ օրաթերթերը թանկացել են 23 տոկոսով, շաբաթաթերթերը՝ 30 տոկոսով, ամսագրերը՝ 37 տոկոսով։ Եւ միայն ինտերնետ կապի ծառայությունն է, որ համարյա մնացել է նույն գնին...
Մի խոսքով՝ միակ փրկությունը Odnoklassniki.ru-ն է։
Սամվել Ավագյան




























