Եվրոպայում ՆԱՏՕ-ի միավորված ուժերի գերագույն հրամանատար Ալեքսուս Գրինկևիչը ներկայացրել է դաշինքի գործողությունների նոր ծրագիրը՝ «դաշինքի անդամ երկրներից մեկի վրա Ռուսաստանի հարձակման դեպքում»։
«Հաղթանակի տեսություն» (Theory of Victory) անվամբ հայեցակարգը նախատեսում է «հակառակորդի ջախջախում երեք փուլով», հայտնում է Bild-ը։
Առաջին փուլում, որը կոչվում է Block («Արգելափակել»), ՆԱՏՕ-ի ուժերը պետք է կանգնեցնեն սկզբնական հարձակումը։ Եթե հակառակորդը շարունակի առաջխաղացումը, դաշինքը կանցնի երկրորդ փուլին՝ Blunt («Թուլացնել հարվածը»)։ Դրա նպատակը հարձակվող զորքերին հետագա առաջխաղացման հնարավորությունից զրկելն է։
Երրորդ փուլը՝ Break («Ջախջախել»), ենթադրում է ոչ միայն հարձակվող ստորաբաժանումների, այլև նրանց գործողություններն ապահովող ամբողջ ռազմական համակարգի ոչնչացում։ Դրա համար ՆԱՏՕ-ն նախատեսում է կտրել մատակարարման ուղիները, շարքից հանել կառավարման համակարգերը և հարձակվող զորքերին զրկել մարտունակությունից։
Վարշավայում Անվտանգության ֆորումում ելույթ ունենալով՝ Գրինկևիչը հայտնել է, որ ՆԱՏՕ-ն այս հայեցակարգը մշակում է արդեն մի քանի տարի։ Սակայն վերջին իրադարձությունները հաշվի առնելով՝ դաշինքի ղեկավարությունը որոշել է այն առաջին անգամ հրապարակայնացնել։





























