Լատվիայի արտգործնախարար Բայբա Բրաժեն կարծում է, որ ՆԱՏՕ-ի արևելյան թևը հուսալիորեն պաշտպանված է՝ աճող լարվածության ֆոնին։ Լատվիան և նրա բալթյան հարևանները կրկին բարձր մարտական պատրաստվածության վիճակում են՝ ռուսական անօդաչու սարքերի և օդային տարածքի խախտումների պատճառով աճող մտահոգությունների հետնապատկերին, հաղորդում է Euronews-ը:

Բրաժեն հայտարարել է, որ «ՆԱՏՕ-ի արդյունավետության գլխավոր ցուցանիշը խաղաղությունն է», և զգուշացրել, որ Ռուսաստանն իր զինված ուժերին հնարավորություն է տալիս մարտահրավեր նետել ՆԱՏՕ-ին։ Միևնույն ժամանակ նա ընդգծել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը չի կարող ռազմական հարձակում սկսել Լատվիայի կամ Բալթյան այլ պետությունների դեմ, քանի որ Մոսկվան դրա համար անհրաժեշտ հնարավորություններ չունի։