2018 թվականի իշխանափոխությունից ի վեր իշխանություններն ու Երևանի քաղաքապետարանը պարբերաբար ազդարարում են ապօրինի շինարարության դեմ պայքարի «կոշտ մեթոդների» մասին։ Թեև քաղաքապետարանը պարբերաբար հանրայնացնում է համայնքային հողերում կառույցների ապամոնտաժման ընթացքը, սակայն գործընթացն իրականում շարունակում է կրել հատվածական բնույթ։ Պատճառն, ըստ էության, մի կողմից հանրային հնարավոր ընդվզումներից և քաղաքաշինական ռիսկերից խուսափելու իշխանությունների զգուշավորությունն է, մյուս կողմից՝ ինքնակամ շինությունների համար նշանակվող տուգանքներով քաղաքային բյուջեն լցնելու միտումը։
Նշենք, որ ՀՀ կադաստրի կոմիտեի տվյալներով՝ Երևան քաղաքի վարչական տարածքում ներկայումս առկա է 10 500 միավոր ինքնակամ անշարժ գույք։
Երևանի քաղաքապետարանի կողմից NEWS.am-ին տրամադրված վիճակագրականտվյալների համաձայն՝ վերջին հինգ տարում մայրաքաղաքում ապօրինի (ինքնակամ) շինարարության և հողազավթման դեպքերով կազմվել է վարչական իրավախախտման վերաբերյալ շուրջ 5500 արձանագրություն, որից 724-ը՝ միայն այս տարվա առաջին 8 ամիսներին։
Մասնավորապես, 2021-2025 թվականների ընթացքում Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀօրենսգրքի 48-րդ և 154-րդ հոդվածների հատկանիշներով կազմվել է 4750 արձանագրություն։ Քաղաքապետարանից, սակայն, չեն նշել, թե ինքնակամ կառուցապատման և հողազավթման համար նշանակված տուգանքներից որքան գումար էփաստացի մուտքագրվել Երևան համայնքի բյուջե՝ պատճառաբանելով, որ քաղաքապետարանում վարչական իրավախախտումների համար գանձված վճարների՝ ըստ նպատակի առանձնացված հաշվառում չի իրականացվում։
Նշենք, որ Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 48-րդ հոդվածի համաձայն՝ պետական և (կամ) համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերն ինքնակամ զավթելը և դրա հետևանքները չվերացնելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով։ Իսկ ՎԻՎ 154-րդ հոդվածով սահմանվում է, որ սեփականության կամ հողօգտագործման իրավունք ունեցող անձանց կողմից այդ հողամասի վրա շենքեր և շինություններ ինքնակամ կառուցելը, ինչպես նաև բազմաբնակարան շենքերում կամ շենքերին կից ինքնակամ կառույցներ իրականացնելն առաջացնում է տուգանքի նշանակում՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով։
Օրենքի սահմանմամբ՝ ինքնակամ կառույց է համարվում այն շենքը կամ շինությունը, որը կառուցվել, վերակառուցվել կամ տեղադրվել է դրա համար չհատկացված հողամասում, առանց համապատասխան թույլտվության, թույլտվության պայմանների կամ քաղաքաշինական նորմերի էական խախտումներով։ Նման կառույցը չի կարող ճանաչվել օրինական և ենթակա է քանդման (ապամոնտաժման)։
Հիշեցնենք, որ դեռևս 2021 թվականին Կառավարությունը որոշել էր ինքնակամ շինություն կառուցած քաղաքացիներին մինչև 2023 թվականի հունվարի 1-ը ժամանակ տալ՝ Կադաստրի կոմիտեում հաշվառվելու և համապատասխան փաստաթղթերը ներկայացնելու համար։ Սակայն 2025 թվականի տարեվերջին փոփոխություններ կատարվեցին 2021 թվականի դեկտեմբերի 16-ին ընդունված ՀՕ-397-Ն օրենքում, և մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը երկարաձգվեց մինչև 2021 թվականը կառուցված ինքնակամ շինությունների հաշվառման վերջնաժամկետը։
Այս հնարավորությունը տարածվում է այն ինքնակամ կառույցների վրա, որոնք նախկինում սահմանված կարգով չեն հաշվառվել Կադաստրի կոմիտեում, սակայն առկա են 2021 թվականի օրթոֆոտոհատակագծերում (օդային լուսանկարներում)։
Գործող կարգավորումների համաձայն՝ քաղաքացիները որակավորված մասնագետի չափագրման փաթեթի ևհամապատասխան փաստաթղթերի միջոցով կարող են հաշվառել իրենց գույքը, ինչը պարտադիր նախապայման է հետագայում համայնքի կողմից դրա օրինականացման հարցը քննարկելու համար։





























