Դոնի Ռոստովում կանխվել է տարբեր ազգությունների ներկայացուցիչ երիտասարդների միջեւ տեղի ունեցած կոնֆլիկտը, որը կարող էր վերածվել ծեծկռտուքի։ Շուրջ 12 մարդ է ձերբակալվել։
Ոստիկանության տվյալներով՝ Պրոլետարյան շրջանի միջնակարգ դպրոցներից մեկի շրջակայքում հունվարի 19-ին մեծ թվով երիտասարդներ են հավաքվել, ովքեր փորձել են հարաբերություններ պարզել՝ նույն օրը ցերեկը երկու երիտասարդների միջեւ տեղի ունեցած ծեծկռտուքից հետո։ Ոստիկանության աշխատակիցներին հաջողվել է կանխել դա, 10-ից 12 մարդ տարվել է ոստիկանության բաժանմունք։ Ոստիկանություն տարվածները տարբեր ազգերի ներկայացուցիչներ են:
Նշենք, որ Ռուսաստանում իրավիճակը լարվել է այն բանից հետո, երբ Մոսկվայում հյուսիսկովկասցիների կողմից սպանվեց «Սպարտակ» թիմի երկրպագու Եգոր Սվիրիդովը։ Դեկտեմբերի 11-ին Մոսկվայում ազգայնականների կողմից կազմակերպվեցին զանգվածային ակցիաներ՝ «Ռուսաստանը՝ ռուսների համար» կարգախոսի ներքո։ Այնուհետ տեղեկություններ ստացվեցին, թե Ռուսաստանի տարբեր քաղաքներում «ոչ սլավոնական արտաքին ունեցողների» նկատմամբ հարձակումներ են իրականացվում։ Իսկ հունվարի 15-ին Սամարայում սպանվեց հայ ուսանող Արմեն Սահակյանը։





























