Քաղաքապետարանում ընթացող կառուցվածքային ու կարդային փոփոխությունների շրջանակում բավականին լուրջ վիճակում են հայտնվել Գագիկ Բեգլարյանի աջ ու ձախ ձեռքերը՝ քաղաքապետի առաջին տեղակալ Տարոն Մարգարյանն ու զախարյանական շրջանից մինչ այսօր տեղակալ Կամո Արեյանը, գրում է «Հրապարակը»։ Թեեւ Կարեն Կարապետյանը նրանց չի հեռացրել, սակայն վերաբաշխել է նրանց ենթակա ոլորտներն ու լիազորություները։ Թերթի տեղեկություններով՝ առանցքային ոլորտներն առանձնացրել է իր նոր տեղակալի՝ Վահագն Առաքելյանի համար, որին ավագանին պաշտոնապես պետք է ուրբաթ օրը նշանակի։ Վահագն Առաքելյանի տրամադրության տակ են լինելու բոլոր փողաբեր ոլորտները՝ շինարարությունը, ճարտարապետությունը, անշարժ գույքն ու ֆինանսները։

Երբեմնի քաղաքապետի թեկնածու համարվող Տարոն Մարգարյանին բաժին են հասել վարչական շրջանների ղեկավարների աշխատակազմերի աշխատանքների կազմակերպման, առեւտրի սպասարկման եւ տրանսպորտի վարչությունները։ Կամո Արեյանից վերցվել է կրթության եւ առողջապահության ոլորտը, նա այլեւս լինելու է կոմունալ սպասարկման եւ համատիրությունների գծով կուրատոր։ Իսկ Վանո Վարդանյանը կհամակարգի կրթության, առողջապահության ու մշակույթի ոլորտները։ «Ասում են՝ այս փոփոխությունները հատկապես ծանր է տարել Տարոն Մարգարյանը, որը ոչ հեռավոր անցյալում քաղաքապետի հավակնություններ ուներ։ Բավական չէ դա տեղի չունեցավ, դեռ մի բան էլ ձեռքից խլեցին առանցքային ոլորտները։ Մինչ քաղաքապետարանի նոր կառուցվածքային ծրագիրը ուրբաթ օրը կքննարկվի ավագանու նիստում, խոսակցություններ կան, թե սրանք միայն «ծաղիկներն են»՝ կադրային լուրջ փոփոխություններն առջեւում են»,-գրում է պարբերականը։