Հայաստանի Ազգային ժողովի պատգամավոր, իշխող Հանրապետական կուսակցության ներկայացուցիչ Շիրակ Թորոսյանին՝ Վրաստան մուտք գործելն արգելելու հարցը քննարկվում է երկու երկրների պաշտոնատար անձանց յուրաքանչյուր հանդիպման ընթացքում: Այդ մասին այսօր Ազգային ժողովում հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը՝ պատասխանելով ՀՅԴ Բյուրոյի անդամ Վահան Հովհաննիսյանի հարցին:
Նալբանդյանը վտսհաեցրել է, որ Թորոսյանի հարցը քննարկվել է նաեւ Վրաստանի արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեի վերջերս Երեւան կատարած այցի ժամանակ: «Վրաստանի հետ բոլոր հարցերը պետք է լուծվեն երկխոսության միջոցով, այլ ճանապարհ չկա»,- հայտարարեց նախարարը, միաժամանակ չհստակեցնելով Շիրակ Թորոսյանի հարցով բանակցությունների արդյունքները:
Իր հերթին Վահան Հովհաննիսյանը Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությանը կոչ արեց համարժեք պատասխան տալ Վրաստանին: «Հայաստանի Ազգային ժողովի պատգամավորին persona non-grata հայտարարելը անմեկնաբանելի է, մենք պետք է համարժեք պատասխան տանք Վրաստանին: Այդ երկում կան մարդիկ, որոնց չպետք է մոտ թողնել Հայաստանի սահմաններին»,- հայտարարեց Հովհաննիսյանը:
Նշենք, որ այս տարվա հունիսի 19-ին Շիրակ Թորոսյանին առանց որեւէ պատճառի արգելել են հատել հայ-վրացական սահմանը:




























