Ջավախքահայության իրավունքների պաշտպանության համակարգող խորհուրդը Միխայիլ Սահակաշվիլիի Երեւան այցի նախօրեին հայտարարություն է տարածել, որտեղ կոչ է անում Երեւանում քննարկել ջավախահայությանը հուզող խնդիրները:
Ստորեւ ներկայացնում ենք հայտարարությունը.
«Հունվարի 22 -23-ը պաշտոնական այցով Հայաստան է ժամանում Վրաստանի նախագահ Միխայիլ Սահակաշվիլին:
Հայ-վրացական հարաբերությունների հիմնաքարերից մեկը վրացահայության եւ ջավախքահայության քաղաքացիական, կրոնական, լեզվական, կրթամշակութային իրավունքների պաշտպանությունն ու նրանց առջեւ ծառացած հիմնախնդիրների լուծումն է:
Այդ հիմնախնդիրներից առավել կարեւոր են.
- Ջավախքում հայոց լեզվին կարգավիճակ տրամադրելու հարցը:
- Հայ առաքելական եկեղեցու վիրահայոց թեմին իրավական կարգավիճակ տրամադրելը եւ խորհրդային ժամանակաշրջանում բռնագրավված եկեղեցիները վերադարձնելը:
- Ջավախքահայ ազգային-հասարակական գործիչների նկատմամբ քաղաքական հետապնդումների դադարեցումը, ազգային-հասարակական գործիչ Վահագն Չախալյանի ազատ արձակումը:
- Հայաստան-Ջավախք սահմանակետում վրաց սահմանապահների կողմից կիրառվող` հայատառ գրքերի, թերթերի եւ ամսագրերի անցկացման արգելքի վերացումը:
- Ջավախքի հիմնախնդիրներով մտահոգ մի խումբ հայաստանյան գործիչների` Վրաստան մուտք գործելու արգելքի վերացումը:
- Ջավախքի հայկական դպրոցներում կրճատված հայերեն դասաժամերի վերականգնումը:
Կոչ ենք անում երկու երկրների նախագահներին բանակցությունների ընթացքում քննարկել նաեւ վերոնշյալ խնդիրները, որոնց լուծմամբ միայն հնարավոր կլինի կայուն եւ երկարաժամկետ հիմք ստեղծել հայ-վրացական բարիդրացիական հարաբերությունների ամրապնդման համար»:





























