Երիտասարդ ազգայնականները Մոսկվայում 45-ամյա ադրբեջանուհու են ծեծել։
Եգյանա Հասանովան Արբատի վրա գտնվող ռեստորաններից մեկում խոհարար է աշխատում։ 11 տարի Մոսկվայում աշխատելուց հետո նա Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել։
Ինչպես հայտնում է Iinosmi.ru-ն, ամեն օր՝ երեկոյան ժամը 10-ին, Եգյանան մետրոյով աշխատանքից վերադառնում է տուն։ 2010 թվականի դեկտեմբերի 18-ին նա բոլորովին ուշադրություն չի դարձրել վագոնում իր առջեւ նստած անչափահասների խմբին։
«Նրանք սկսեցին ինձ վրա թղթե գնդիկներ շպրտել։ Ես իջեցրի աչքերս։ Սակայն վիրավորանքները շարունակվեցին. «Սեւաքամակ, քո նմաններին սպանելն էլ քիչ է»,- ասում էին նրանք։ Ես լաց եղա, ուզում էի դուրս գալ «Տեքստիլշչիկի» կայարանում, սակայն ուշ էր, դռները փակվեցին»,- պատմել է նա։
Գնացքը շարժվել է, եւ նա շրջվել է դեմքով դեպի դռները։ Վեց անչափահասները հանկարծակի շրջապատել են նրան եւ սկսել են ծեծել։ Վնասված ունքով նա հասցրել է փախչել։
Վագոնում եղածներից ոչ ոք չի արձագանքել կատարվածին։





























