Հայ ժողովուրդը ամբողջ աշխարհին ցույց տվեց, որ միասնական է ու հանձնառու ժողովրդավարական արժեքներին։ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո՝ ճեպազրույցոի ընթացքում այս մասին ասել է Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին։
Կվիրիկաշվիլին ողջունել է Հայաստանի վարչապետին՝ շեշտելով, որ իր առաջին պաշտոնական այցելությունը Փաշինյանը իրականացրել է ժամանելով Վրաստան։
«Խորհրդանշական է, որ Հայաստանի վարչապետը այցելել է Վրաստան այն օրերին, երբ մենք գրեթե միաժամանակ նշում ենք Առաջին Հանրապետության ստեղծման 100-րդ տարեդարձը։ Ուզում եմ եւս մեկ անգամ շնորհավորել հայերին ու վրացիներին՝ երկու բարեկամական ժողովուրդներին, այդ տոնական իրադարձության կապակցությամբ։ Չնայած բազմաթիվ բարդություններին ու խնդիրներին, հարյուր տարի առաջ հայերն ու վրացիները դրսեւորել են իրենց կամքն ազատության հանդեպ ու ժողովրդավարության ձգտումը։ Վրաստանին ու Հայաստանին կապում են բազմամյա բարեկամական ու բարիդրացիական հարաբերություններ, ինչը հանգեցրել է այսօրվա գործընկերային հարաբերություններին։ ԽՍՀՄ փլուզումից ու մեր երկրների անկախության վերականգնումից հետո մենք կարողացել ենք հարթել փոխշահավետ հարաբերություններ՝ փոխադարձ վստահության հիման վրա։ Հայաստանում կայունությունն ու ժողովրդավարությունը շատ կարեւոր են Վրաստանի համար, ու դրա համար էլ մենք ուշադիր հետեւում էինք Հայաստանում տեղի ունեցող վերջին իրադարձություններին։ Հայ ժողովուրդը ամբողջ աշխարհին ցույց է տվել, որ միասնական է ու հանձնառու ժողովրդավարական արժեքներին։ Այդ կապակցությամբ ես ուզում եմ շնորհավորել իմ թանկագին հյուրին՝ Հայաստանի վարչապետի պաշտոնում ընտրվելու ու հանուն իր ժողովրդի բարօրության ծառայության կապակցությամբ։ Կառավարության ու անձամբ իմ անունից եւս մեկ անգամ հաստատում եմ իմ պատրաստակամությունը շարունակել երկրների միջեւ հետագա արդյունավետ համագործակցությունը»,- նշել է Վրաստանի վարչապետը։
Նրա խոսքով՝ այսօրվա հանդիպման ընթացքում քննարկվել են երկրների միջեւ համագործակցության ուղղությունները։ «Մենք շեշտեցինք քաղաքական երկխոսության կարեւորությունը, անդրադարձանք նաեւ առեւտրի, էկոնոմիկայի, տուրիզմի ոլորտներին եւ այլ հարցերի։ Չնայած արդեն առկա սերտ համագործակցությանը, դեռ մնում է չգործածված ներուժ։ Նաեւ քննարկվել է տարածաշրջանային հարցերի շուրջ միջազգային կառույցներում համագործակցության հարցը։ Տնտեսական հարաբերությունների խորացման համար կստեղծվի տնտեսական կապերով հանձնաժողով»։





























