ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը բավարարել է ապացույցների անբավարարության պատճառաբանությամբ բռնությամբ զուգորդված խուլիգանության մեջ ամբաստանվող անձին արդարացնելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի դատավճռի դեմ մեղադրող դատախազի ներկայացրած բողոքը:
Դատախազությունից NEWS.am-ին հայտնում են, որ դեռեւս 2017 թվականի փետրվարի 8-ին ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի Կենտրոնական բաժնում հարուցված քրեական գործի շրջանակներում նախաքննության մարմնի կողմից Հ. Թ.-ին մեղադրանք էր առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով (մի խումբ անձանց կողմից բռնությամբ զուգորդված խուլիգանություն):
Քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համակցությամբ հիմնավորվել էլ, որ Հ.Թ.-ն իր հորեղբոր որդի Ն. Թ.-ի հետ, վերջինիս կողմից վարվող «Հովեռ» մակնիշի ավտոմեքենայով երթեւեկել են Երեւան քաղաքի Տիգրան Մեծի պողոտայով: Տիգրան Մեծ-Ագաթանգեղոս փողոցների խաչմերուկում, անցնելով լուսացույցը, նրանք երթեւեկությունը շարունակել են Ագաթանգեղոսի 7-րդ շենքի դիմացի հատվածով, որտեղ առկա հետիոտնային անցման վրա, դիտավորյալ կերպով անտեսելով հասարակական վայրերում վարքագծի ընդունված նորմերը, բացահայտ արհամարհանք ցուցաբերելով մարդկային համակեցության կանոնների նկատմամբ եւ ակնհայտ անհարգալից վերաբերմունք դրսեւորելով հասարակության հանդեպ, ճանապարհը չզիջելու հարցի շուրջ Ն.Թ.-ի հետ, վիճաբանել են Ա. Ս.-ի հետ:
Այդ ընթացքում, բռնություն գործադրելով, ձեռքերով եւ ոտքերով հարվածներ են հասցրել Ա.Ս.-ի մարմնի տարբեր հատվածներին՝ պատճառելով առողջության թեթեւ վնասի հատկանիշներ չպարունակող մարմնական վնասվածքներ:
2017 թվականի հունիսի 28-ին քրեական գործը հաստատված մեղադրական եզրակացությամբ ուղարկվել է Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան:
Դատարանի դատավճռով Հ. Թ.-ն առաջադրված մեղադրանքում արդարացվել է այն պատճառաբանությամբ, որ մեղադրանքի հիմքում դրված ապացույցները Հ.Թ.-ի կողմից խմբի կազմում խուլիգանություն կատարելը հաստատող տվյալներ չեն պարունակում, եւ իբրեւ թե նախաքննության մարմինը ապացույցների մի մասը՝ տուժողի, վկաների ցուցմունքները մեղադրական եզրակացության մեջ շարադրել է` նշելով իրականում դրանցում չարտացոլված տեղեկություններ:
Դատարանը գտել էր նաեւ, որ ապացույցներն ինչպես առանձին, այնպես էլ համակցությամբ չեն հաստատում Հ. Թ.-ի առնչությունը խուլիգանության դեպքին, եւ բացի այդ, ամբաստանյալ Հ. Թ.-ի գործողությունների հետեւանքով հասարակությանը լուրջ անհանգստություն չի պատճառվել, նրա գործողություններն ուղղված չեն եղել հասարակության դեմ, չեն կատարվել խուլիգանական դրդումներով։
Մեղադրողը դատավճիռը բողոքարկել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում՝ հիմնավորելով, որ գործով տուժողի, վկաների տված ցուցմունքները եւ մեղադրանքի հիմքում դրված մյուս ապացույցներն իրական են եւ արժանահավատ: Փաստարկվել է նաեւ, որ Հ.Թ.-ի գործողություններն ուղղված են եղել հասարակական կարգի դեմ, կատարվել են ուղղակի դիտավորությամբ եւ խուլիգանական դրդումներով: Հաշվի է առնվել, որ երկու անկողմնակալ վկաներն էլ հայտնել են, որ մեքենայի վարորդի եւ ուղեւորների գործուղությունների արդյունքում լուրջ անհանգստություն է պատճառվել հասարակությանը, հավաքվել եւ նրանց գործողությունները փորձել են դադարեցնել մի խումբ անցորդներ, իսկ մեքենաների ընթացքը խաթարվել է:
Վերաքննիչ քրեական դատարանը, հիմնավոր համարելով մեղադրողի ներկայացված բողոքը, բեկանել է առաջին ատյանի դատարանի արդարացման դատավճիռը՝ Հ. Թ.-ին մեղավոր ճանաչելով ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով առաջադրված մեղադրանքում:





























