Ծննդկան Մերի Մարգարյանի եւ նորածնի մահվան գործով այսօր՝ մայիսի 31-ին, ճառով հանդես եկավ գործով ամբաստանյալ, Շենգավիթ բժշկական կենտրոնի մանկաբարձ-գինեկոլոգ Շուշանիկ Բախշյանը:
Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում ծննդկանի հղիությունը վարած բժշկուհին նշեց, որ չի ցանկանում խոսել իրավական կողմի մասին, կանդրադառնա միայն բժշկական տեսանկյունից: Շուշանիկ Բախշյանը մանրամասն ներկայացրեց ՀԵԼԼՓ համախտանիշը, Մերի Մարգարյանի հետազոտությունների արդյունքները, ապա հայտարարեց, որ հուլիսի 27-ի առավոտյան կեսարյան հատման ցուցում չի եղել: Ըստ բժշկուհու՝ ինքն այդ օրը կոնսիլիում է հրավիրել և կայացվել է համալիր որոշում:
«Հարգելի դատարան, խնդրում եմ անկողմնակալ, օբյեկտիվ ակտ կայացնել»,- ասաց Շուշանիկ Բախշյանը:
Գործով մյուս ամբաստանյալ Անի Բաբելյանը հրաժարվեց ճառից: Այնուհետև Շուշանիկ Բախշյանն իր վերջին խոսքում նշեց, որ Մերի Մարգարյանն իրեն մտերիմ մարդ է եղել, իսկ այդ դեպքը ինքն ամեն օր է հիշում, իր մեջ քննարկում է. «Ես շատ եմ ցավում, Մերիի մահը որպես իմ անձնական վիշտ եմ ընդունում»:
Վերջին խոսքում Անի Բաբելյանն էլ նշեց, որ ցավում է ստեղծված իրավիճակի համար, բայց առաջադրված մեղադրանքը չի ընդունում: Նշենք, որ Շուշանիկ Բախշյանը նույնպես իրեն մեղավոր չի ճանաչում:
Դատավոր Դավիթ Բալայանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ դատավճիռ կայացնելու, այն կհրապարակվի հունիսի 4-ին:
Հիշեցնենք, որ մեղադրող Արա Մնացականյանը պահանջել է Շուշանիկ Բախշյանին դատապարտել 3.5 տարվա ազատազրկման՝ զրկելով բժշկական գործունեություն իրականացնելու իրավունքից 3 տարի ժամկետով, իսկ Անի Բաբելյանին՝ 2.5 տարվա ազատազրկման՝ զրկելով բժշկական գործունեություն իրականացնելու իրավունքից 2,5 տարի ժամկետով: Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ Մարինե Թովմասյանը միջնորդել է Շուշանիկ Բախշյանին եւ Անի Բաբելյանին դատապարտել առավելագույն պատժի: Պաշտպանական կողմը պահանջում է արդարացնել երկու բժշկուհիներին:





























