Մարդու իրավունքների եվրոպական դատարանը Ռումինիային եւ Լիտվային դատապարտել է «ԿՀՎ-ի գաղտնի բանտերի ծրագրի մասնակցության» համար: Դատարանի կայքէջում նշված է, որ Լիտվայի դեմ Աբու Զուբայդի եւ Ռումինիայի դեմ Ալ Նաշիրիի գործերում Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության կոնվենցիայի մի շարք խախտումներ են հայտնաբերվել, մասնավորապես` խոշտանգումների արգելման, ազատության իրավունքի, մասնավոր կյանքի պաշտպանություն եւ արդյունավետ իրավական պաշտպանության իրավունքի, հաղորդում է DW-ն:
Դատավորները հաստատել են, որ Ռումինիայում ԿՀՎ-ի գաղտնի բանտը գոյություն է ունեցել 2003 թվականի սեպտեմբերից մինչեւ 2005 թվականի նոյեմբեր, իսկ Լիտվայում՝ 2005 թվականի փետրվարից մինչեւ 2006 թվականի մարտ: Երկու հայցվորները պահվել են այս հաստատություններում, իսկ ազգային իշխանությունները իմացել են, որ ԿՀՎ-ն նրանց հետ վարվում է կոնվենցիային հակասող վերաբերմունքով:
Դատարանի որոշման համաձայն, Լիտվայի իշխանությունները պետք է պաղեստինցի Աբու Զուբայդին 130 հազար եվրո վճարեն: Ռումինիային դատարանը պարտավորեցրել է սաուդցի ալ Նաշիրին 100 հազար եվրո վճարել: Երկու հայցվորները այժմ գտնվում են Կուբայի Գուանտանամո ամերիկյան բազայում: Պաղեստինցուն Կենտրոնական հետախուզական վարչությունը կասկածում էր 2001 թվականի սեպտեմբերի 11-ին Առեւտրի համաշխարհային կենտրոնի ահաբեկչական հարձակման մեջ: Սաուդյան Արաբիայի քաղաքացին իբրեւ թե ծրագրել էր նավերի վրա ահաբեկչական հարձակումներ իրականացնել:



























