Թերթը գրում է. «Լռությունը արդարացված է այն ժամանակ, երբ դրանից հետո լինում է ասելիքով լի երգ»,- կրքոտ ձայնով Էմմիի մենահամերգն է գովազդում երիտասարդը: Դեկտեմբերի կեսերից սկսած ամեն օր, օրական 24 ժամ գրեթե բոլոր հեռուստաընկերությունների եթերից ազդարարվում է այս մասին: Եվ ներեցեք` զզվեցնելու չափ: Բայց, միեւնույն է, 20 րոպեն մեկ էկրանին Էմմիի դեմքն է ու երիտասարդի տռփալից ձայնը:

Լսում ես ու մտածում` իսկ լավ չէ՞ր լինի, որ այդ լռությունը շարունակվեր: Մեկ տարի աղջիկը չէր երգում, անհետացել էր, եւ, ի՞նչ է, դրանից մենք մեզ «հոգով աղքատացա՞ծ» էինք զգում: Հակառակը, հայկական շոու-բիզնեսի «աստղաշատ» հարթավայրում Էմմիի բացակայությունը իսկի չէր էլ զգացվում: Այ, նույնքան ժամանակ է, ինչ անհետացել է Շպռոտը, եւ կարծես թե դա ոչ մեկին չի անհանգստացնում: Հակառակը, մեզ ավելի հանգիստ ենք զգում, քանզի «աստղային» խղճուկ կոկորդներից գոնե մեկը, որից դուրս եկած ձայնը, մեղմ ասած, չէր շոյում մեր ականջը, պակասել է: Նույնն էլ Էմմիի դեպքում` կար-չկար, այստեղ էր, թե Ամերիկայում, ինչպես ասում են, ոչ ոքի չէր հուզում:

Էմմիների ու Շպռոտների նմանները լիքն են մեզանում այդպես էլ դեռեւս չկայացած շոու-բիզնեսի դաշտում: Այնպես որ, ավաղ, չհասցրինք «կարոտել»: Բայց ահա կամավոր պանդխտությունից Հայաստան վերադարձած Էմմիի շուրջ իրարանցում են սկսել. հզոր գովազդային արշավ, տեսահոլովակների պտտահողմ, հարցազրույցներ, ասուլիսներ... Տեսեք-տեսեք` հայկական Լեդի Գագան է ժամանել, սակայն առանց մսակտորներից կարված զգեստի:

Մի խոսքով, արդեն մեկ ամիս հայոց աշխարհը էմմիացված է (ինչպես ասում են, արդուկն էլ միացնես` նա է երգում):

Նրա «ասելիքով լի երգին», ինչպես նաեւ միջին մակարդակի վոկալ տվյալներին ծանոթ ենք. սովորական «փոփ երգչուհի» է, որին մեծ ջանքերի գնով հաջողվում է ընդամենը նմանակել ամերիկյան երգիչներին: Եթե, օրինակ, Սպիտակցի Հայկոյի «Ջան ախպերս» երգը դարձել է «հիթ», ապա դժվարանում ենք հիշել, թե Էմմիի երգերից որն է երբեւէ համարվել «հիթային»:

Ժամանակին նրա մայրը` Նադեժդա Սարգսյանը, որի ձայնային տվյալներն ու կատարումները սերնդակիցների` Էռնա Յուզբաշյանի, Էվելինա Մակարյանի, Զառա Տոնիկյանի համեմատությամբ, կարելի է ասել, ոչինչ էին, ծիծաղելիորեն նմանակում էր Ալլա Պուգաչովային: Ու մինչ օրս պահպանել է դեվիզը` «Կին, որ երգում է»: Այնպես է «սոսնձվել» դրան, որ այսօր դստեր մենահամերգի խորագիր է ընտրել գրեթե նույնը` «Աղջիկ, որ երգում է»:

   …Տոտալ Էմմիաքարոզչությունը հատկապես տհաճ է այն առումով, որ թվում է, թե հայ ժողովուրդը «պարտք է մնացել» նրան ու նրա մայրիկին: Եվ VIP աջակցություններով ու նման քայլերով փորձում ենք «պարտքը մարել»: «Պարտք ենք» այն առումով, որ անցյալ տարի մեծամասնությունը քվեարկեց Եվա Ռիվասի օգտին, եւ Էմմիի փոխարեն նա մասնակցեց «Եվրատեսիլի» մրցույթին»: