Արցախում ծեծի ենթարկված քաղաքացիների կյանքին վտանգ չի սպառնում: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Երեք ժամ առաջ սոցիալական մեդիայում տարածվել է տեղեկություն Արցախի ԱԱԾ մի խումբ զինծառայողների կողմից, «կենցաղային հողի վրա», երկու քաղաքացիների Ստեփանակերտում ծեծի ենթարկելու մասին։

Ժամը 3։30-ին այցելել եմ Ստեփանակերտի հանրապետական բժշկական կենտրոն եւ հերթապահ բժշկից տեղեկացել տուժողների վիճակի մասին։ Ըստ հերթապահ բժշկի՝ երկու տուժողները հոսպիտալացվել են միջին ծանրության մարմնական վնասվածքներով, նրանց կյանքին վտանգ չի սպառնում, եւ վիրահատության անհրաժեշտությունը տվյալ պահին բացակայում է։

Առավոտյան սեփական նախաձեռնությամբ կսկսենք քննարկման ընթացակարգ, եւ հանդես կգանք հայտարարությամբ»:

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ Ստեփանակերտում հունիսի 1-ին քաղաքացիների ու ԱԱԾ հատուկջոկատայինների միջեւ ծեծկռտուք է տեղի ունեցել. բերման է ենթարկվել 15 քաղաքացի:

Արցախում քաղաքացիների ու ԱԱԾ աշխատակիցների միջեւ ծեծկռտուք է եղել. բերման է ենթարկվել 15 մարդ (Ֆոտո)