Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին գրավի դիմաց ազատ արձակելու համար ՀՀԿ-ականների ստորագրահավաքը դեռ չի նշանակում, որ Դավիթ Համբարձումյանն ու նրա հետ ազատազրկված անձինք անմեղ են: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է ՀՀԿ խմբակցության պատգամավոր, ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ռուստամ Մախմուդյանը:

Մինչդեռ ՀՀԿ խմբակցության պատգամավորներ Գագիկ Մելիքյանն ու Մուրադ Մուրադյանը պնդում են, որ նրանց ձերբակալությունը չի բխում օրենքից:

Ռուստամ Մախմուդյանը ԱԺ-ում չլինելու պատճառով չի մասնակցել ստորագրահավաքին. «Եթե լինեի, կստորագրեի մի բանի համար: Տեսեք, ստորագրող պատգամավորները չեն ասում, որ Դավիթ Համբարձումյանը կամ մնացածը անմեղ են, եւ նրանք նման գործողություն չեն կատարել: Ստորագրող պատգամավորներն ասում են՝ նա ունի բնակության մշտական վայր, կա ծանուցագիր, նրան անազատության մեջ պահելու հիմքերը պիտի համոզիչ լինեն: Որեւէ պատգամավոր, որ ստորագրում է, չի ասել, որ նրանք մեղավոր չեն: Բոլոր անձանց մասով պիտի նախաքննական մարմինը ներկայացներ, որ այդ մարդիկ թաքնվում են, խուսափում են, ճնշում են գործադրում տուժողների վրա:  Սրանք ակնհայտ Քրեադատավարության օրենսգրքով անձին անազատության մեջ պահելու հիմքեր են, գումարած նաեւ իրենց կատարած արարքի ծանրութան աստիճանը»,-ասաց պատգամավորը:

Ռուսատմ Մախմուդյանն ի տարբերություն գործընկերների՝ զերծ մնաց իրավապահների գործողություններին գնահատական տալուց: «Ես այս պահին ինձ թույլ չեմ տա ասել՝ մարդիկ մեղավոր են, թե ոչ: Այո, կան տեսանյութեր, եւ դրա համար կա նախաքննություն իրականացնող մարմին: Ես հիմք կունենամ որեւէ բան ասելու, եթն ծանոթանամ քննության նյութերին, քանի դեռ նյութերին ծանոթ չեմ, ո՞նց կարող եմ ասել որեւէ բան»,-ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավորը:

Հիշեցնենք, որ ապրիլի 22-ին Էրեբունի համայնքում ցուցարարների նկատմամբ բռնություն կիրառելու կասկածանքով ձերբակալվել են Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանը, վերջինիս եղբայր Գեւորգ Համբարձումյանը, Գոռ խաչատրյանը, Սարգիս Սահակյանը, Կարեն Օհանյանը: Դավիթ Համբարձումյանը նախկին ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի թիկնազորի պետ Արշակ Հակոբյանի փեսան է: Վերոնշյալ խմբին գրավի դիմաց ազատ արձակելու նպատակով ՀՀԿ խմբակցության մի խումբ պատգամավորներ դիմել են իրավապահ մարմիններին: