ԱՄՆ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման պետական կենտրոնները հայտարարել են, որ 4 մարդ դարձել են աղիքային ցուպիկի համաճարակի զոհը, փոխանցում է «Ամերիկայի ձայնը»:
Մահացած մարդկանց ընդհանուր թիվը հասել է հինգի: Ինֆեկցիան խլել է Արքանզաս, Քալիֆորնիա, Մինեսոթա եւ Նյու Յորք նահանգների բնակիչների կյանքը:
35 նահանգից 197 մարդ հիվանդացել է ցուպիկով վարակված հազար ուտելու կամ ավելի վաղ վարակված մարդկանց հետ շփվելու հետեւանքով: Հոսպիտալացվել է առնվազն 89 մարդ:
Աղիքային ցուպիկի ինֆեկցիայի բռնկումը կապում են հազարի հետ, որն աճեցվել է Արիզոնա նահանգի շրջաններից մեկում: Երբ մարտին գրանցվել էր համաճարակի առաջին բռնկումը, սպառողներին կոչ էին արել անմիջապես այդ հազարը դեն նետել:
Չնայած վտանգը հիմնականում անցել է, դեռեւս տեղեկություններ են ստացվում վարակման նոր դեպքերի մասին: Սա պայմանավորված է հիվանդանոցներից տեղեկատվության փոխանցման որոշակի ուշացմամբ:





























