Քննչական կոմիտեն եւ որոշ դատավորներ, անտեսելով օրենքի պահանջները, ստալինյան մեթոդներով անցել են ձերբակալությունների՝ դուր գալու համար նոր իշխանություններին: Այս մասին այսօր` հունիսի 2-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի գործով պաշտպան Տիգրան Աթանեսյանը` անդրադառնալով քաղաքապետի ձերբակալությանը:

«Մենք դատապարտում ենք բռնությունը, որը գործադրվել է ցուցարարների նկատմամբ, համարում ենք, որ այդ վտանգավոր արարքը պետք է ամբողջությամբ բացահայտվի, տրվի ճիշտ քրեաիրավական գնահատական:  ՔԿ-ն եւ որոշ դատավորներ, անտեսելով օրենքի պահանջները, քրեական դատավարության հանրաճանաչ նորմերը, ստալինյան մեթոդներով անցել են ձերբակալությունների՝ դուր գալու նոր իշխանություններին:  Ես իմ կյանքում բախտ եմ ունեցել նոր իշխանություններից մարդ պաշտպանելու, կարող եմ ասել, որ նման ճանապարհով չեք կարող շողոքորթել, մնալ տեղերում, այլ հակառակը»,- ասաց նա:

Փաստաբանը հավելեց, որ ողջ դատական պատմության ընթացքում դատարանը գործել է վերեւներից ցուցումներով, արդեն քսան օր է այդ զանգերը չկան, խայտաբղետ վիճակ է տիրում:

Տիգրան Աթանեսյանի կարծիքով կոնկրետ այս ձերբակալություններով իրավական հիմք չկա, այլ ինչ որ կասկածելի անձանց ցուցմունքներ են:

«Կոնկրետ գործի վերաբերյալ՝ բոլորս տեսել ենք յութուբում առկա տեսանյութերը՝ դիմակավորված անձինք, առանց դիմակի անձինք, բռնություն են ենթարկում, գտնում են կասկածելի անձինք, որոնք թշնամական հարաբերությունների մեջ են, գալիս են, տեսանյութը նայելով հայտարարում են, որ այսինչ-այսինչն է, այս հայտարարությամբ մարդ են ձերբակալում: Հասկանում ենք, որ տգեղ երեւույթ է, մեզ՝ փաստաբաններիս համար, սա մարտահրավեր է: կարեւոր մոտեցում է, որ օրենքը պետք է գործի, եթե այն դրժենք, կդրժենք բոլորի համար»,- հավելեց նա:

Նշենք, որ այսօր դատարանը չկալանավորեց Դավիթ Համբարձումյանին:

Ավելի վաղ տեղեկացրել ենք, որ 2018թ. ապրիլի 22-ին մի խումբ անձինք, որոշները՝ բժշկական դիմակներով, հարձակվել են բողոքի ակցիա իրականացնող քաղաքացիների վրա եւ քարերով, մահակներով, էլեկտրահարող սարքերով բռնություն գործադրել:

Դեպքի առթիվ հարուցված քրեական գործով ՀՀ ՔԿ Երեւան քաղաքի քննչական վարչությունում ձեռնարկված անհրաժեշտ քննչական եւ դատավարական այլ միջոցառումների  արդյունքում պարզվել են դեպքի մի շարք հանգամանքներ, փաստական տվյալներ ձեռք բերվել ենթադրյալ հանցագործություն կատարած 5 անձի ինքնության վերաբերյալ:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ հունիսի 1-ին մեղադրանք է առաջադրվել 5 անձի. Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով: Քաղաքապետի տեղակալ Կարեն Օհանյանին, Մասիս քաղաքի բնակիչներ՝ 1982թ. ծնված Ս.Սահակյանին, 1995 թ. ծնված Գ.Համբարձումյանին եւ  1988 թ. ծնված Գ.Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով: Միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրանց նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումը ընտրելու վերաբերյալ:

Եւս մեկ անձ՝ Նոր Արեշի բնակիչ, 1995թ. ծնված երիտասարդը ձերբակալվել է անկարգություններին մասնակցելու կասկածանքով:

Այսպիսով՝ այսօրվա դրությամբ՝ քրեական գործով դատավարական կարգավիճակ ունի 7 անձ, որոնցից 5-ը՝ մեղադրյալի,  2-ը՝ կասկածյալի: