Հոլանդացի նկարիչ Վինսենթ Վան Գոգի (1853-1890թթ․) «Արեւածաղիկներ» (1889թ․) ցիկլի լուսանկարի ռենտգենային հետազոտությունը ցույց է տվել, որ լույսի նկատմամբ զգայուն ներկը, որը նկարիչը օգտագործել է դեղինի երանգների ավելի ճշգրիտ փոխանցման համար, աստիճանաբար կորցնում է իր հագեցվածությունը։ Դեռեւս փոփոխություններն արտաքնապես նկատելի չեն, սակայն ժամանակի հետ հոլանդացի նկարչի կտավի արեւածաղիկները կարող են շագանակագույն դառնալ, փոխանցում է The Guardian-ը։
Վան Գոգի թանգարանն Ամստերդամում առաջին է, որ օգտագործել է մակրոսկոպիկ ռենտգենային ճառագայթները եւ քիմիական քարտեզագրումը ներկերի բաղադրիչների մանրամասն ուսումնասիրման եւ այն հատվածների որոշման համար, որոնք կարող են խամրել։ Պարզվել է, որ տերեւների եւ ցողունների, ինչպես նաեւ դեղին ֆոնի պատկերման համար Վան Գոգն ընտրել է քլոր պարունակող ներկ, որը մգանում է լույսի հետ շփման դեպքում։ Իսկ նարնջագույն ներկը, որում ծծումբն ավելի քիչ է, պահպանում է իր նախնական երանգը։
Թանգարանի աշխատակիցները հույս ունեն, որ «Արեւածաղիկներ»-ից մեկի վերլուծությունը թույլ կտա ապագայում հասկանալ, թե օգտագործվել է արդյոք այդ ներկը ցիկլի մյուս աշխատանքներում եւ Վան Գոգի մյուս աշխատանքներում։ Եթե տվյաները հաստատվեն, ապա կձեռնարկվեն ուժեղացված միջոցառումներ կտավը նախնական տեսքով պահպանելու ուղղությամբ։



























